Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գյումրիի սպանության մեղավորը քրեական պատասխանատվության եւ պատժի կենթարկվի Հայաստանի տարածքում

Գյումրիի սպանության մեղավորը քրեական պատասխանատվության եւ պատժի 
կենթարկվի Հայաստանի տարածքում

ԵՐԵՎԱՆ,  15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Գյումրիում կրկին հայտարարեց ու վերահաստատեց`հունվարի 12-ի ոճրագործության  մեղավոր անձը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում եւ հնարավորություն է լինելու հետեւելու քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկելու ողջ գործընթացին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ` որպես հայ եւ որպես ՀՀ գլխավոր դատախազ` դա բոլորիս ցավն է, իրավական համակարգը բացարձակ հետեւողական է այդ հարցում: Մեր օրենսդրությամբ եւ միջազգային իրավունքի տեսանկյունից կրկնում եմ` անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության եւ պատժի Հայաստանի Հանրապետության տարածքում: Նա արդարադատության առաջ կկանգնի Հայաստանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Կոստանյանը: Նա հունվարի 15-ին Գյումրիում է լինելու եւ պատրաստ է հանդիպել ցանկացած քաղաքացու հետ եւ պատասխանել բոլոր հարցերին:

Գլխավոր դատախազը կարեւորեց այն հանգամանքը, որ որոշակի շահարկումների տեղիք են տվել դատախազության հաղորդագրությունն ու ՌԴ օրենսդրության վկայակոչման փաստը: «Եթե խոսում ենք ռուսական բազայում հանցագործություն կատարած անձի մասին, պետք է ի նկատի ունենալ, որ այս հարցում երկու երկրների օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերը գործում են ամբողջությամբ ու միասնականորեն: Ամեն ինչ պետք է նայել միջազգային իրավունքի կոնտեքստում»,-ասաց Կոստանյանը `վկայակոչելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածը, որով Հայաստանի Հանրապետության իրավազորությունը տարածվում է ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Ըստ այդմ` Կոստանյանը վկայակոչում է հինգորորդ հոդվածը, որով չորրորդ հոդվածի դրույթները կիրառելի չեն. եթե հանցագործությունը կատարվել է բազայի տարածքում, եթե հանցագործությունը կատարվել է ՌԴ-ի դեմ եւ բազայի նկատմամբ եւ եթե կատարվել է զինվորական հանցագործություն: Զինվորական հանցագործություններն ընդդատյա են: «Գյումրիի սպանության դեպքով ունենք զինվորական բնույթի հանցագործություն` զորամասն ինքնակամ լքելու, պահակային կանոններ խախտելու, զինվորական հանցագործությունը կատարելու արդյունքում կատարել է այլ հանցագործություն»,-բացատրեց գլխավոր դատախազը:

Միջպետական օրենսդրությամբ կարգավորվող այս հարցը նաեւ երկու պետությունների ներպետական օրենսդրություններին է ենթարկվում: Նկատի ունենալով, որ հանցագործություն է կատարվել նաեւ ՀՀ տարածքում, հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներով և իրականացվում է ՀՀ իշխանությունների իրավազորությունը:

Կոստանյանի խոսով` այսօր քննչական եւ դատավարական գործողություններ են իրականացվելու մեղադրյալի նկատմամբ: «Չենք խոսում որեւէ մեկին իրավազորություն հանձնելու եւ զիջելու մասին: Գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ. երկու երկրների օրենսդրությունների համադրության խնդիր է դրվել` պայմանավորված միջազգային իրավական պայմանագրերով»,-ընդգծեց դատախազը` նաեւ պարզաբանելով, որ հանցագործության ծանրությունը ոչ մի նշանակություն չունի իրավական տեսակետից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը  06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am