Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Գյումրիում կատարված սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է. Ռուբեն Մելիքյան

Գյումրիում կատարված սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է. Ռուբեն 
Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության գործը քննելու հարցը համաձայն Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնության միջեւ 1997թ. կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի, ՀՀ իրավազորության ներքո է, իսկ մինչ այդ կատարված հանցագործությունը` դասալքություն, զենքի վարվեցողություն` ՌԴ իրավազորության: Տեսակետը քրեական դատավարության իրավունքի մասնագետ Ռուբեն Մելիքյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մելիքյանը նշում է, որ խնդիրն իրավական է, հետեւաբար, հարցի կարգավորումները պետք է հիմնված լինեն իրավական կանոնակարգումների վրա: Քրեական դատավարության իրավունքի մասնագետը նշում է, որ պայմանագիրը կարգավորում է իրավազորության հարցերը ՌԴ ռազմաբազայի զինվորական ներկայացուցիչների միջեւ, որը նախատեսում է հստակ կարգավորումները:

«Որպես հիմնական կանոն տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը ՌԴ զինվորական բազայում ծառայող ՌԴ զինվորականների կողմից կատարված հանցագործությունների վրա: Սա պայմանագրի 4-րդ կետն է: Միեւնույն ժամանակ, սահմանված է բացառություն ընդհանուր կանոնից, համաձայն որի, որոշ դեպքերում կարող է տարածվել ՌԴ իրավազորությունը: Շատ հստակ նշված է երեք դեպք, որոնք սահմանված են պայմանագրի 5-րդ հոդվածում: Այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ ռազմակայանի տարածքում, այն հանցանքները, որ կատարվել են ՌԴ կամ նրանց ընտանիքի անդամների դեմ, որոնք ներառված են ռուսական ռազմաբազայում եւ երրորդ կետը` զինվորական հանցագործությունն է: Այս երեք կատեգորիայի գործերը` համաձայն պայմանագրի, փոխանցված է ՌԴ իրավազորությանը: Հիմա այստեղ խնդիրն այն է, որ մենք գործ ուենք մեկից ավելի հանցագործությունների հետ: Եթե խոսքը վերաբերում է սպանությանը, ապա այն որեւէ կերպ չի ներառվում այդ երեք կատեգորայի մեջ, բայց միեւնույն ժամանակ, մինչ այդ հանցանքը կատարելը կասկածյալը ենթադրաբար կատարել է նաեւ այլ հանցանքներ` մասնավորապես, զորամասը ինքնակամ լքելը, զենքի վարվեցողության կանոնների խախտումը: Այստեղ որոշակի խնդիր կա, քանի որ կատարված երկու հանցանքներից մեկը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, մյուսը` ՌԴ իրավազորությանն է ենթակա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը` հավելելով, որ պայմանագրով այս հարցի ուղիղ կարգավորում նախատեսված չէ:

«Չեմ բացառում, որ քանի որ միջազգային պայմանագրում ՌԴ իրավազորությունը որպես բացառություն է սահմանված, իսկ որպես կանոն սահմանված է Հայաստանի իրավազորությունը, ապա իրավամեկնաբանողական տեսանկյունից նման վիճելի դեպքերում պետք է տարածվի Հայաստանի առաջնային իրավազորությունը: Սա էլ հստակ կարգավորված չէ եւ չկա հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այդ կարգավորումը»,- ասաց Մելիքյանը` կրկին շեշտելով, որ մեկից ավելի հանցանք է կատարվել, որից մեկը մի պետության իրավասության ներքո է մյուսը` մեկ այլ: «Այստեղ որոշակի կերպով պայմանագրի մեկնաբանման խնդիր կա եւ կարծում եմ, որ հաշվի առնելով հարաբերությունների բարձր մակարդակը ՌԴ-ի հետ, այդ հարցը կկարգավորվի: Միաժամանակ պետք է փաստել, որ որեւէ կերպ պայմանագիրը չի սահմանում հնարավորությունը, որ սպանության փաստը քննվի ՌԴ իրավասու մարմինների կողմից: Կազուսը վերաբերում է նրան, որ եթե քննությունը իրականացվում է ՌԴ-ի կողմից, ապա չկա որեւէ հիմք, որ նրանք քննեն սպանության հետ կապված փաստը: Սակայն, եթե մենք մեկնաբանում ենք պայմանագիրը եւ առանձնացնում կանոնն ու բացառությունը, ապա սպանության քննումը ՀՀ իրավազորության ներքո է»,- ասաց նա:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կասկածյալին ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նա տվել է առաջին ցուցմունքը եւ խոստովանել հանցանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am