Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՀՀ կառավարությունում ստորագրվել է հայ-վրացական «Բարեկամության կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը

ՀՀ կառավարությունում ստորագրվել է հայ-վրացական «Բարեկամության 
կամուրջ»-ի կառուցման համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անունից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

2014թ. դեկտեմբերի 11-12-ը ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաստորագրել էին վերոնշյալ համաձայնագիրը և նաև ստորագրել էին արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015թ. համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության կամուրջ»:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ, ով նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի համանախագահն է: ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ընթացքից և կարևորել Վրաստանի հետ երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը և սերտացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը, որը հնարավորություն տվեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները և համագործակցության զարգացման նոր ուղղություններ նախանշել: 

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ընթացքը և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական գործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ: Առկա ներուժի լիարժեք իրացման և նոր համատեղ ծրագրերի իրականացման առումով առանձնակի կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի դերը, որի երկրորդ նիստը գումարվել է այսօր՝ Երևանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am