Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արդարադատության ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացը եզրափակվել է

Արդարադատության ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացը եզրափակվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայում դեկտեմբերի 19-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ակադեմիայի առաջին ունկնդիրների մասնագիտական պատրաստման դասընթացի ավարտին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից, հանդիսությանը ներկա են եղել դատական իշխանության, դատախազության, արդարադատության նախարարության, փաստաբանական համայնքի ղեկավարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Ակադեմիայի դասախոսներ, հյուրեր:

Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը շնորհավորել և դիպլոմներ է հանձնել  Ակադեմիայի առաջին շրջանավարտներին՝ դատավորների և դատախազների թեկնածուներին:

Այս տարի Արդարադատության ակադեմիայում 8.5 ամսվա մասնագիտական  պատրաստում է անցել դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 20 անձ, որից 11-ը՝ քաղաքացիական, 8-ը՝ քրեական, 1-ը՝ վարչական մասնագիտացմամբ, ինչպես նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված 15 անձ, որոնցից ուսուցումն ավարտել են 11-ը: Ուսուցումն  իրականացվել է 2014թ. մարտի 17-ից նոյեմբերի 28-ը՝ հինգ հատվածով: Ուսումնառության ժամկետի տևողությունը կազմել է 1010 ակադեմիական ժամ, որից 450 ժամը դասընթացներն էին, 60 ժամը` քննաշրջանը, 480 ժամը` փորձաշրջանը, 20 ժամը` հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ժամաքանակը:

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ունկնդիրները մասնագիտական պատրաստման շրջանակում 30 քննություն են հանձնել, անցել բավական դժվար ճանապարհ, իսկ դժվարություններով ձեռքբերածն ավելի արժեքավոր է լինում:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով Ակադեմիայի առաջին շրջանավարտներին, հույս է հայտնել, որ դատական իշխանություն մուտք գործող մասնագետները կնպաստեն անկախ դատական համակարգի կայացմանը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ով ղեկավարում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը, առանձնահատուկ ընդգծել է ապագա դատավորների և դատախազների՝ պետության անունից մարդկանց ճակատագրեր որոշելու կարևորագույն առաքելությունը, ինչը դառնալու է նրանց ամենօրյա գործունեության բաղկացուցիչ մասը:

Շնորհավորելով Ակադեմիայի շրջանավարտներին՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ընդգծել է, որ Ակադեմիայի առաջին տարվա գործունեությունը վկայում է, որ դատավորների և դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը մեկ միասնական կառույցում անցկացնելու գաղափարն արդարացված է:

Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներն իրենց խոսքում վստահեցրել են, որ ակադեմիայում ձեռք բերած գիտելիքները և հմտությունները թույլ կտան բարձր պահել դատական իշխանության և դատախազության հեղինակությունը և արդյունավետ իրականացնել իրենց լիազորությունները:

Ուսուցումն ավարտած ունկնդիրների նշանակումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիմնարար նպատակներից են արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովումն ու դատախազության գործունեության արդյունավետության բարձրացումը: Դրանց կենսագործմանն ուղղված քայլերից է նաև Արդարադատության ակադեմիայի հիմնադրումը: Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013թ. մայիսին ընդունվել է առանձին օրենք:

Արդարադատության ակադեմիան իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից: Ակադեմիայում ուսումնական գործընթացը մեկնարկել է մարտի 17-ից՝  դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am