Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լեյլա Յունուսին աջակցության նոր արշավ է սկսվել Ադրբեջանում

Լեյլա Յունուսին աջակցության նոր արշավ է սկսվել Ադրբեջանում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Քյուրդախանիի քրեակատարողական հաստատության մեկուսարանում գտնվող Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ծննդյան օրվա` դեկտեմբերի 21-ի կապակցությամբ ադրբեջանցի լրագրող Ռովշան Հաջիեւի նախաձեռնությամբ, «ի աջակցություն եւ ծննդյան օրը նրան մենակ չթողնելու» արշավ է սկսվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է jam.az լրատվական կայքը: 

Ռ.Հաջիեւն առաջարկել է Լեյլա Յունուսի ծննդյան օրը տոնել Քյուրդախանիում: Այսպես, նախատեսվում է նրա ծննդյան օրը Քյուրդախանիի բանտ նամակներ ուղարկել Յունուսին: «Շատ ծանր է. ամուսինը Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում է, դուստրը` Հոլանդիայում է, իսկ ինքը` երկաթյա ճաղերի հետեւում: Եկեք աջակցենք նրան, շնորհավորանքներ ուղարկենք: Մենակ չթողնենք», -սոցիալական ցանցերում գրառել է լրագրողը:

Լեյլա Յունուսի ծննդյան օրվա կապակցությամբ բաց նամակով հանդես է եկել նաեւ ադրբեջանցի ճանաչված կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը: «Հարգելի Լեյլա, շնորհավորելով ձեզ ծննդյան օրվա առթիվ, ես մեծ ամոթ եմ զգում այն բանի համար, որ դուք այն դիմավորում եք սարսափելի հանգամանքներում: Ամոթ եմ զգում մեր երկրի, մեր մտավորականության, ինձ համար, քանի որ նման բան հնարավոր է դարձել: Սրտի կսկիծով եմ հետեւում Ձեր ընտանիքի նկատմամբ տեղի ունեցող կամայականությանը եւ ապշած եմ այն մարդկանց անգթությամբ, ովքեր մեզ մոտ արդարադատություն են իրականացնում: Ո՞վ է նրանց մեջ դաստիարակել նման ստրկական հնազանդություն մեր իշխանությունների հանդեպ: Համոզված եմ, որ Դուք կարող եք դիմակայել, ինչքան էլ կոպտորեն ոտնահարեն խղճի եւ արդարադատության օրենքները նրանք, ում ձեռքերում հայտնվել եք Դուք: Եվ հավատում եմ, որ դեռեւս շատ ծննդյան օրեր Դուք տոնելու եք ընտանիքի գրկում` ի ուրախություն Ձեզ սիրող եւ հարգող մարդկանց Ադրբեջանում եւ նրա սահմաններից դուրս»,- նամակում է գրել է Իբրահիմբեկովը:

Լ.Յունուսի ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակած հոդվածում «Ազադլըգ» թերթը նրան համեմատել է Ժաննա դ'Արկի հետ: Թերթը գրում է, որ ինչպես պարտված ֆրանսիացիներն էին իրենց փրկությունը տեսնում Ժաննա դ'Արկի մեջ, այնպես էլ բոլոր առաջադեմ ադրբեջանցիներն են երկրի փրկությունը տեսնում Լ.Յունուսի նմանների պայքարի մեջ: «Ինկվիզիցիան խարույկի վրա այրեց Ֆրանսիայի ազատության համար պայքարող 19-ամյա Ժաննա դ'Արկին, եւ նույն եկեղեցին հետո նրան դասեց սրբերի շարքին: Այսօր նման կերպ դատվելու սյունին գամված է Ադրբեջանի ազատության համար պայքարող 60-ամյա Լեյլա Յունուսը: Մի՞թե հարյուրավոր տարիներ անց մարդկությունը չի փոխել իր էությունը: Ինչո՞ւ է աշխարհը դեմքն ուղղել ապագային` 21-րդ դարին, իսկ մենք` ադրբեջանցիներս` անցյալին. կարծես վերադառնում ենք միջնադար...», -գրել է թերթը:

Մեջբերելով Ադրբեջանի դեմոկրատական ուժերի եւ ընդդիմության «Ազգային խորհուրդ» միության առաջնորդ Ջամիլ Հասնալըի այն խոսքը, որ Լեյլա Յունուսը ծնվել է 20-րդ դարի դահիճ Իոսիֆ Ստալինի հետ միեւնույն օրը, «Ազադլըգ»-ը գրում է. «Պատմական փաստ է, որ 20-րդ դարի ամենամեծ բռնատիրոջ հետ միեւնույն օրը ծնված Լեյլա Յունուսն ազատազրկված է 21-րդ դարի ամենակրտսեր բռնատիրոջ բանտում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am