Հայաստանի եզդիները Սինջարից հուսադրող լուրեր ունեն
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիական ջոկատները «Պեշմարգա» քրդական զինվորական ուժերի հետ դեկտեմբերի 17-ին` ժամը 16:00-ի սահմաններում, հարձակվել են Սինջարի վրա և ազատագրել քաղաքի մի հատվածը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը, եզդիական զորքերն իջեցրել են «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման սև դրոշը և փոխարենը տեղադրել եզդիական ազատագրական դրոշը:
«Առավոտյան ես զրուցել եմ այնտեղի մեր մարդկանց հետ, ովքեր պատմեցին, որ իսլամիստները նահանջել են` թողնելով իրենց մահացած զինվորների դիակները: Քաղաքը դեռ լիովին ազատագրված չէ և Շանգալի ազատագրական ջոկատներն ամեն ինչ անում են այսօր քաղաքն ամբողջովին ազատագրելու և վաղը «Այդա էզիդը» այնտեղ նշելու համար»,- ասաց Շարոյանը:
Նա հավելեց նաև, որ Իրաքի արևմուտքում գտնվող Նինվե նահանգի Սինջար քաղաքի ազատագրմանն ուղղված հերթական հարձակումը նախապատրաստվել էր մեկ ամիս առաջ և այդ ժամանակից ի վեր իսլամիստները սկսել են թալանել և կողոպտել եզդիների տները: Իսկ մեր հարցին, թե եզդիները երբ կկարողանան վերադառնալ իրենց հայրենի քաղաք` Շարոյանը նշեց. «Ցեղասպանության արհավիրքները և սարսափները տեսած եզդիներին շատ դժվար է ճամբարներից քաղաք վերադարձնել: Եզդիները սպասում են, որ միջազգային ուժերի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո այնտեղ ստեղծվի Շանգալի եզդիների ազգային ինքնավար հանրապետություն կամ օկրուգ` ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում