Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի դասեր. պատմության կրկնություն

2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի դասեր. պատմության կրկնություն

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում դրամի կտրուկ արժեզրկումը վատատեսական տրամադրություններ ստեղծեց ինչպես ֆինանսական շուկայի խաղացողների, այնպես էլ բնակչության շրջանում։ Նոյեմբերի 24-ին սկիզբ առած արժեզրկումն իր ծավալով և բացասական սպասումներով անկանխատեսելի էր։ Եթե նոյեմբերի սկզբին դոլարի միջին փոխարժեքը Հայաստանում տատանվում էր 410-415 դրամի շրջանակում, ապա ամսվա վերջին դոլարը սկսեց վաճառվել 430-433 դրամով, իսկ արդեն դեկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլար հնարավոր էր ձեռք բերել ավելի քան 560 դրամ վճարելու դեպքում։ Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. ԱՄՆ դոլարի դիրքերը ամրապնդվել են աշխարհի շատ պետություններում։ Այս պարագայում ստեղծված իրավիճակը նմանվում է ոչ այնքան դրամի արժեզրկման, որքան դոլարի արժևորման։ Աշխարհում դոլարի գերարժևորման մասին են խոսում նաև Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ միջազգային ֆինանսական կառույցներ, որոնք հաջորդ տարվա համար կանխատեսում են ԱՄՆ տնտեսության շուրջ 3 տոկոս աճ: Դոլարի կայունացման ֆոնին թուլացել են նույնիսկ եվրոյի դիրքերը։ Փորձագիտական դաշտում արդեն հնչում են գնահատականներ, որ դա կարող է Եվրագոտում ֆինանսական ճգնաժամի նոր ալիք բարձրացնել։

Դրամի արժեզրկումը Հայաստանում ձևավորել է նաև բարձր գնաճային միջավայր, և չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական մակարդակով խոսվում է մինչև 5 տոկոս գնաճի մասին, սակայն սպառողները հնչեցնում են ավելի բարձր՝ 10-15 տոկոս գնաճային ցուցանիշներ։ Թանկացումները նկատվում են հատկապես ներկրված ապրանքների մասով, որին գումարվում է նաև նախատոնական՝ ամենամյա դարձած գնաճը։

Պետք է նկատել, որ Հայաստանում նմանատիպ բացասական սպասումների ֆոն էր ձևավորվել նաև 2008 թվականին, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հասավ մեր երկիր։ ՀՀ տնտեսության մեջ ֆինանսատնտեսական ճգնաժամը պարզորոշ դրսեւորվեց 2008թ. հոկտեմբերից։ Այդ ընթացքում ֆինանսական շուկայում նկատվեց որոշակի խուճապ, թեև բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների լիկվիդայնության խնդիրն ակնառու չէր։ Ֆինանսական ճգնաժամը մեզ մոտ դրսևորվեց մի քանի հատկանիշներով. նախ կրճատվեցին մասնավոր տրասնֆերտները, ապա սպառողական շուկաներում նվազեց պահանջարկը և վերջիվերջո անկում ապրեց ՀՀ տնտեսություն ներհոսող ներդրումների ծավալը։

Տնտեսության մեջ պահանջարկի աստիճանական նվազումը եւ ռիսկայնության մեծացումն անրադարձավ նաեւ բանկերի վարքագծի վրա։ Առևտրային բանկերը աստիճանաբար սկսեցին դրսեւորել պահպանողական` ռիսկ չվերցնելու վարքագիծ։ Ընդ որում, էապես նվազեցին վարկավորման ծավալների աճի տեմպերը։

Վերհիշելով 2008 թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի մուտքը Հայաստան՝ պետք է նկատել նաև, որ այդ ժամանակ հանրապետությունում ձևավորված էր բարձր գնաճային միջավայր, որը պահպանվեց մինչև տարեվերջ։ Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Հայաստանի կենտրոնական բանկը ընդլայնում էր իր դրամավարկային քաղաքականությունը։ Ավելին, ԿԲ-ն սկսեց իրականացնել նաև պետական արժեթղթերի մեծածավալ գնումներ` օժանդակելով կառավարության կողմից թողարկումների ծավալների ընդլայմանը։

Տնտեսական ճգնաժամերի ընթացքում սովորաբար առաջ է գալիս ֆինանսական կայունություն-գնաճ երկընտրանքը, թեև երկարաժամկետ հատվածում կենտրոնական բանկերը գրեթե միշտ նախապատվությունը տալիս են ֆինանսական կայունությանը։ Շատ դեպքերում ԿԲ-ները ֆինանսական կայունությունը ապահովելու համար կատարում են մեծ ներարկումներ։ Գրեթե նույն իրավիճակում էր հայտնվել ՀՀ կենտրոնական բանկը 2008 թվականին, սակայն այդ դեպքում առկա էր փոխարժեք-ֆինանսական կայունություն երկընտրանքը։

Մի քանի ամիս շարունակ Հայաստանում փոխարժեքն ամրագրված էր պահվում, որպեսզի ֆինանսական շուկաները հնարավորություն ունենան ճշգրտելու իրենց դիրքերը, իսկ փոխարժեքի ազատականացումից հետո, ՀՀ ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` զսպելու փոխարժեքի արժեզրկմանը հաջորդող սպեկուլյատիվ դրսևորումները։

Առաջին հայացքից նմանատիպ իրավիճակ է նաև հիմա, թեև տնտեսական հնարավոր ճգնաժամի մասին վկայող ազդակները դեռ թույլ են։ Պետք է նկատել, որ առկա տնտեսական զարգացումներին Հայաստանում գումարվում են նաև աշխարհաքաղաքական խնդիրները։ Ռուսաստանյան տնտեսության հետ սերտ կապերի մեջ գնվող Հայաստանում դրամի փոխարժեքի ձևավորման վրա ազդում է նաև ռուբլու փոխարժեքը։ Վերջինս արդեն իսկ հասել է իր պատմական նվազագույն ցուցանիշին՝ կազմելով 80,1 ռուբլի 1 դոլարի դիմաց։ Ռուսաստանի տնտեսությունն, իր հերթին, կախվածություն ունի նավթի գներից, որոնք աներևակայելի անկում գրանցեցին 2014 թվականի ընթացքում։ Փոխարժեքի վրա ազդող այս հանգամանքներին գումարվում են նաև խուճապային տրամադրությունները, որի արդյունքում ազգային արժույթի արժեզրկումն ավելի է արագանում։ Դրամի կայունությունն այս դեպքում կախված է ոչ միայն Կենտրոնական բանկի քաղաքականությունից, այլև հասարակության մեջ առկա սպասումներից։

Գոհար Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am