ԱՄՆ-ը և Կուբան բանակցություններ կսկսեն հարաբերությունների կարգավորման նպատակով
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և Կուբան դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու բանակցություններ կսկսեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով, դիտարկվում է նաև մոտակա ամիսներին Հավանայում ԱՄՆ դեսպանության բացման հարցը:
Ինչպես հայտարարել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր երեկոյան հանդես կգա Կուբայի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ: Նույն պահին հայտարարություն կանի նաև Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուբայի իշխանությունները որոշել են ազատ արձակել ամերիկացի Ալան Գրոսսին և այն մարդուն, ով տեղեկատվություն էր տրամադրել ամերիկյան հետախուզությանը: Նրանք ընդգծել են, որ ԱՄՆ-ն իր հերթին ազատ է արձակել կուբացի երեք գործակալներին, ովքեր իրենց պատիժն են կրում ամերիկյան բանտերում:
Կուբան ԱՄՆ-ի կողմից վերջին 50 տարիների ընթացքում ենթարկվում է տնտեսական էմբարգոի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում