Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորությունը հայկական Սփյուռքի վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել

Միացյալ Թագավորությունը հայկական Սփյուռքի վերաբերյալ փաստաթուղթ է 
հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստաթուղթ է հրապարկել հայկական Սփյուռքի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez.com-ը, փաստաթղթում գնահատականներ են տրվել Սփյուռքի գործունեությանն ու դերակատարությանը:

Համաձայն Միացյալ Թագավորության փաստաթղթի` հայկական Սփյուռքը հարաբերականորեն ամենամեծն է հետխորհրդային երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, որոնցից հետո գալիս են ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Նշվում է, որ հայկական Սփյուռքի թիվը 8-10 միլիոն է, որոնցից 2.3 միլիոնը գտնվում են Ռուսաստանում, 1.5 միլիոնը` Միացյալ Նահանգներում, 400 հազարը`Ֆրանսիայում և 200 հազարը` Լիբանանում: Հաղորդվում է, որ 80 հազարական հայեր են բնակվում նաև Ուկրաինայում, Լեհաստանում, Արգետինայում, Կանադայում, Սիրիայում, Թուրքիայում և Իրանում: Իսկ Մեծ Բրիտանիայում հայերի թիվը 18 հազար է:

Քաղաքական կյանքին մասնակցելու տեսանկյունից ամենաակտիվը ԱՄՆ հայկական համայնքն է, և ակնկալվում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով ամերիկահայության քաղաքական ազդեցությունն ավելի կմեծանա:

Անդրադառնալով Սփյուռքի դերակատարությանը` փաստաթղթում ընդգծվել են Հայաստանի զարգացմանն ուղղված ներդրումները, որոնք 1992 թվականից ի վեր գնահատվում է երկու միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: Նշվել է նաև ԼՂՀ-ին տրամադրվող օգնության մասին:

Քննարկելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունները` փաստաթղթի հեղինակները նշում են, որ հակառակ այդ հարաբերությունների սերտությանը, երբեմն առաջանում են տարակարծություններ, ինչպես օրինակ Սփյուռքի հայկական մի շարք կազմակերպությունների բացասական արձագանքը հայ-թուրքական արձանագրություններին:

Ըստ հեղինակների` Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ավելի լարված են եղել նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Համաձայն փաստաթղթի գնահատականների` նախորդ տասը տարիներին Հայաստանն ամբողջությամբ չի կարողացել օգտագործել Սփյուռքի կարողությունը` մասնավոորապես տնտեսական ներդրումների տեսակետով, ինչ պատճառը հայկական տնտեսության մի շարք ոլորտներում հաստատված մենատիրությունն է:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում հիշատակվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը: Որպես Սփյուռքից Հայաստան մնայուն բնակության մեկնած գործիչներ են նշվում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը:

Միացյալ Թագավորության փաստաթղթում նշվել է, որ Սփյուռքի դերը շարունակում է էական մնալ տնտեսական աջակցություն ցուցաբերելու հարցում, իսկ արտաքին քաղաքական հարցերում, ինչպիսիք են ԼՂ հակամարտությունը կամ հայ-թուրքական հարաբերությունները, Սփյուռքի հետ որոշ տարակարծություններ կարելի է նկատել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am