Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չեթինօղլուն Էրդողանի հայտարարություններից դատելով Մեջլիսում Ցեղասպանության առաջարկի ընդունման շանսեր չի տեսնում

Չեթինօղլուն Էրդողանի հայտարարություններից դատելով Մեջլիսում Ցեղասպանության 
առաջարկի ընդունման շանսեր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ փաստեր կան կարծելու, որ օրերս Թուրքիայի Ժողուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Սեբահաթ Թունջելի ներկայացրած օրինագիծը, որով վերջինս կոչ էր անում պետությանը ներողություն խնդրել Ցեղասպանության համար,  անկեղծ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց հայտնի թուրք հրապարակախոս, գրող Սաիթ Չեթինօղլուն: «Որևէ կասկած չկա, որ պետությունը մեղավոր է ցեղասպանության իրականացման համար: Սակայն ինչպե՞ս ենք իմաստավորելու այդ գործընթացը. անհրաժեշտ է այս գործընթացում համագործակցել, լինել զգոն և փորձել ջրի երես դուրս հանել Ցեղասպանության իրական մեղավորներին, իսկ բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ցեղասպանությունը և ունեն խլած գույք, անպայմանորեն դրանք հետ վերադարձնեն: Պարտադիր է, որ պետության գլխավորությամբ բոլորը ստանձնեն պատասխանատվության իրենց բաժինը և դրան համապատասխան վերաբերմունք դրսևորեն: Բոլոր նրանք, ովքեր արդարություն են ցանկանում, իրավունք ունեն պահանջելու այս ամենը»,- նշեց Չեթինօղլուն:

Ներողություն, սակայն ինչպիսի՞ն

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը և դրա ավանդական քաղաքական գործիչները Հայոց ցեղասպանության պատճառով մի քանի անգամ ղեկավար մակարդակով «ներողություն» են խնդրել: Սակայն «մեր պապերը» խոսքերով սկսվող ելույթներում ոչ ոք չի խոսում իրենց կենսաբանական պապերի մասին: HDP ոչ մի ղեկավար չի բարձրաձայնում իր կենսաբանական պապի՝ 1915 թվականին ունեցած դերակատարության մասին»,- նշում է թուրք մտավորականը` ընդգծելով, որ եթե խոսում էլ են այդ մասին, զայրանում են և պնդում, որ այդ պահանջը վնասում է Թուրքիայի Հանրապետությանը:

Չեթինօղլուն մեկ այլ` խիղճը վիրավորող խնդիր է համարում այն, որ քրդական PKK-KCK ղեկավարները և գլխավորապես Բեսե Հոզաթը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին հայերի արդարության պահանջը որակում են որպես լոբբիստական գործունեություն: «Կարող ենք ասել, որ PKK առաջնորդ Օջալանը 2014 թվականի Նովրուրզի ելույթում «1000 տարվա իսլամական եղբայրություն և ռազմավարական համագործակցություն» խոսքով սկիզբ դրեց Ցեղասպանության 100-րդ տարվա ընթացքում պետության ժխտողականությանը»,- կարծիք է հայտնում թուրք մտավորականը` Օջալանի հայտարարությունը նվաստացնող համարելով:

Սեբահաթ Թունջելի առաջարկի կարևորությունը

«Առաջարկը Ցեղասպանության, ներողություն խնդրելու և փոխհատուցման՝ օրակարգ գալու տեսանկյունից, իհարկե, կարևոր է»,- «Արմենպրես»-ին ասաց Չեթինօղլուն՝ նշելով, որ այդ առաջարկը կարող է հնարավորություն տալ հող պատրաստելու խնդրի ճիշտ քննարկումների համար: «Կարող ենք ասել, որ Սեբահաթ Թունջելի անձնական նախաձեռնությունն առնվազն կարևոր է այն առումով, որ այն մեծ ներուժ ունի արդարության շուրջ քննարկումներ իրականացնելու համար: HDP-ին մնում է տեր կանգնել առաջարկին, և դրան համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով` իր ներսից սկսել արդարության հաստատումը»,- հույս է հայտնում մտավորականը:

Առաջարկի ընդունման հնարավորությունը

«Կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում իշխանությունը ընդունվում է թե՛ կենտրոնական, թե՛ տեղական մակարդակով: Հաշտեցումը երկու անձի նախաձեռնությունն է: Էրդողանը և նրա գերու դերում հանդես եկող Օջալանը. սրանք են քաղաքական դերասանները: Վերջնական խոսքն այս երկու դերակատարներն են ասելու»,- նման տեսակետ է հայտնել Չեթինօօղլուն: Նրա համոզմամբ, եթե Օջականի վերոնշյալ տեսակետին հավելենք Էրդողանի` «Կներեք, բայց ինձ անգամ հայ են անվանել» խոսքերը, ապա կարող ենք առանց զգուշավորության հանգիստ պնդել, որ առաջարկը հնարավորություն չունի ընդունվելու:

1915-ի Ցեղասպանությունը պետության և հանցագործության մեղսակիցների համար պատմական պահ էր

«2015 թվականին պետությունը Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի դիմաց ամեն հարմար առիթի դեպքում սկսելու է ներկայացնել Չանաքքալեի պատերազմի 100-րդ տարեդարձը, և թե ինչպես հնարավորություններ չունեցող բանակը (առանց ինքն իրենց հարցնելու, թե ինչո՞ւ պատերազմ հայտարարեց, եթե պատերազմելու հնարավորություն չուներ) Չանաքքալեում հաղթանակի հասավ:

«Կարևոր հարց է, թե ինչպե՞ս պետությունը, պատերազմի սկզբում այդ անհնարինության վիճակում գտնվելով, 4 տարի շարունակ պատերազմ վարեց: Պատասխանն էլ 1915-ի Ցեղասպանությունն է: Պատերազմի գործընթացը փոխհատուցվեց 1915 թվականի Ցեղասպանության գործընթացով»,- նշում է Չեթինօղլուն՝ հավելելով, որ ակհայտորեն երևում է, թե ինչպես պատերազմական գործընթացը փոխհատուցվեց հայերի, ասորիների, պոնտոսցի հույների կորուստներով, ինչպես նաև պատերազմական բյուջեի և գերմանական ռազմական օգնությունների միջոցով:

Թուրք մտավորականը մինչև Հայոց ցեղասպանությունը հայաշատ Արգանի անվանումն ունեցող շրջանի օրինակով ներկայացնում է, թե ինչպես են պատերազմի տարիներին հայաթափվել հայկական բնակավայրերը, իսկ հայերին պատկանող գույքն ու սեփականությունը՝ խլվել: «Այժմ այդ գավառում անգամ մեկ հայ չի մնացել, գավառի բնակչությունն ամբողջությամբ բաղկացած է քրդերից: Եվ կարող ենք հանգիստ փաստել նաև, որ հայերի սեփականությունը բաժանված է քրդերի միջև: Ներկայում տեղի բնակչությունը ընտրությունների ժամանակ ձայները տալիս է քրդական կուսակցության ներկայացուցիչներին»,- պատմում է Չեթինօղլուն: Խոսելով հայկական Արգանա սանջաքի` քրդանալով Էրգանի դառնալու մասին՝ նա փաստում է, որ HDP-ն իր անհանգստությունը չի հայտնում Էրգանիի օրինակով պատմական Հայաստանի աշխարհագրության փոփոխության, դրա գաղութացման առնչությամբ, ինչը, նրա խոսքերով, մեր օրերում էլ շարունակվում է:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am