Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը չի վտանգում Վրաստանի և Իրանի հետ առևտրական հարաբերությունները. Շավարշ Քոչարյան

ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը չի վտանգում Վրաստանի և Իրանի հետ 
առևտրական հարաբերությունները. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ, պահպանելու է ազատ առևտրի ռեժիմը Վրաստանի հետ: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Բանակցությունների ամբողջ ընթացքում մենք ուշադրություն ենք դարձրել նրա վրա, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ մենք վտանգի տակ չդնենք հարևան Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: Սա մեզ համար շատ կարևոր հարց էր, և մեզ հաջողվեց արդյունքի հասնել ու Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածում ֆիքսել ենք, որ պահպանելու ենք Վրաստանի հետ եղած առևտրական բարձր մակարդակի հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը:

Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը պահպանելու է իր առևտրական բարձր մակարդակի հարաբերությունները նաև հարևան Իրանի հետ: Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ Վրաստանի և Իրանի հետ առևտրական բարձր մակարդակի հարաբերությունների պահպանումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, ինչին հայկական կողմին հաջողվեց հասնել ԵՏՄ-ին անդամակցության բանակցությունների ժամանակ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ բանակցությունների ողջ ընթացքում կառուցողական դիրքորոշում է եղել թե հայկական, թե Եվրասիական հանձնաժողովի կողմից, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել շատ արագ կազմակերպել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am