Բեռլինում կառուցվող միջազգային օդանավակայանը 2017-ից շուտ չի բացվի
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի մայրաքաղաքում Վիլլի Բռանդտայի անունով կառուցվող Բեռլին-Բռանդեբուրգ միջազգային նոր օդանավակայանը կբացվի 2017-ի կեսից ոչ շուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Bild am Sonntag պարբերականը` վկայակոչելով իր ձեռքի տակ հայտնված կառուցապատման մասին փաստաթուղթը: Օդանավակայանի տնօրինության ծրագրով շինարարական բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն 2016թ. հոկտեմբերի 28-ին, որին հաջորդելու է օդային նավահանգստի փորձարկման վեցամսյա փուլը: «Այնուամենայնիվ, նախատեսված 2017թ.-ին անգամ օդանավակայանը չի գործարկվի, ինչը պայմանավորված է շինարարության դանդաղ տեմպերով»-, նշում է պարբերականը:
Օդանավակայանի շինարարությունն սկսվել է 2007թ.-ին, կենտրոնական մասնաշենքին` 2008-ին: Նախատեսվում է, որ Բեռլին-Բռանդեբուրգը տարեկան հնարավորություն կունենա ընդունել և ճանապարհել 25 մլն ուղևորի և եվրոպական խոշոր օդանավակայանների համար լուրջ մրցակից կդառնա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում