Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էդվարդ Նալբանդյանը և Յանակիս Օմիրուն քննարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Էդվարդ Նալբանդյանը և Յանակիս Օմիրուն քննարկել են Ցեղասպանության 100-րդ 
տարելիցի միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ  նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Երևանում պաշտոնական այցով գտնվող Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ վերջին տարիներն առանձնացել են Հայաստանի և Կիպրոսի միջև շփումների ինտենսիվությամբ, և որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի վրա են բարձրացվել, և առկա է երկուստեք պատրաստակամություն՝ դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Կիպրոսի խորհրդարանականների և անձամբ պարոն Օմիրուի ներդրումը` հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների զարգացման, միջպետական համագործակցության խորացման գործում:

Յանակիս Օմիրուն իր հերթին ընդգծել է, որ շարունակելու է գործունեությունը` ուղղված Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության առավել սերտացմանը։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ ակտիվ փոխայցելությունները, այդ թվում` երկրների նախագահների պետական այցերը, փաստում են երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Նրանք համակարծիք էին, որ հայ-կիպրական հարաբերությունները կարելի է օրինակելի որակել իրենց փոխըմբռնման և փոխվստահության դրսևորումներով:

Անդրադարձ է կատարվել խորհրդարանների միջև հաստատված ակտիվ համագործակցությանը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը, որոնք ևս մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Յանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորել են կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը` երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Կիպրոսի փոխգործակցությունը: Մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին, կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am