Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արտակ Զաքարյանը Մինսկի խմբկն կոչ է անում հասցեական դիրքորոշում հայտնել

Արտակ Զաքարյանը Մինսկի խմբկն կոչ է անում հասցեական դիրքորոշում հայտնել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի հասցեական դիրքորոշում արտահայտի, որպեսզի ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները բանակցային գործընթացին քիչ վնաս հասցնեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: «Մեր կողմից արձագանքը միշտ եղել է այնպիսին, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ ենք արել հասցեական դիրքորոշում ունենալ և տվյալ պարագայում Ադրբեջանին ի ցույց դնել որպես կոպիտ խախտում իրականացրած կողմ: Այս դեպքն իր մեջ պարունակում է շատ կոշտ և կոպիտ դիվերսիոն գործընթաց՝ ուղղված բանակցային խաղաղ գործընթացը խաթարելուն: Այսինքն՝ ադրբեջանական գործողություններն ուղղված են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ հայկական կողմի կայուն համոզմունքը հետևյալն է՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը  չունի այլընտրանք, չկա նաև այլընտրանք Մինսկի խմբի բանակցային գործընթացին:

Արտակ Զաքարյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը փորձում է ձախողել բանակցային գործընթացը և  այդ մասին գիտեն բոլորը: Այդ գործողությունները, նրա խոսքով, անթույլատրելի են, չեն կարող նպաստել հասարակությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, հակամարտության խաղաղ կարգավորմանը, ուղղված են նաև Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը խոչընդոտելուն:

«Սրանք ցցուն գործընթացներ են, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ազատվել Մինսկի խմբի գործընթացի կապանքներից, ազատվել, որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ այս գործընթացն Ադրբեջանին տանելու է՝ ընդունելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվիճելի և բացարձակ հիմնավոր սկզբունքը: Դրանից ելնելով՝ Ադրբեջանը փորձելու է ձախողել գործընթացը: Բոլոր բանակցային գործընթացներում հայտարարում են, որ, այո, իրենք կողմ են խաղաղ կարգավորմանը և դրան այլընտրանք չեն տեսնում, բայց իրականում սահմանի վրա լարվածությունը մեծանում է Ադրբեջանի կողմից»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ շատ ցավալի է, որ ԵԱՀԿ  գործող նախագահի ներկայացուցչի ջանքերն՝ ուղղված խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը ճշտելուն, ևս առայժմ հաջողություն չեն ունենում: Արտակ Զաքարյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Ադրբեջանի նկատմամբ գոյություն ունեցող գործիքակազմի միջոցով որոշակի դիրքորոշում հայտնի, որովհետև սա արդեն խաղաղ բանակցային գործընթաց իրականացնող կողմի ջանքերի անտեսում է:

Հարցին, թե արդյո՞ք հայկական թույլ դիվանագիտությունը չէ այս ամենի պատճառը, նա պատասխանեց, որ մեր դիվանագիտությունն այսօր ամբողջությամբ ու ծանրաբեռնվածությամբ է աշխատում: «Այստեղ թույլի և ուժեղի խնդիր չէ, գոյություն ունի հնարավորությունների և գործողությունների շրջանակներում տարվող աշխատանք, և մեր  դիվանագիտությունն աշխատում է դրանց շրջանակներում: Հայկական կողմն ադեկվատ գնահատական տվել է տեղի ունեցածին, համապատասխան հայտարարություններ արել է, իսկ Մինսկի խմբի շրջանակներում, այո, ես համաձայն եմ, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Մինսկի խումբը հասցեական վերաբերմունք ունենա կողմերի նկատմամբ: Սա պետք է ազդանշան լինի Մինսկի խմբին, որ այսուհետ հայտարարությունները լինեն թիրախավորված, կոնկրետ Ադրբեջանին պետք է զսպել իր սադրիչ գործողություններում»,- եզրափակեց  Զաքարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am