Մշակույթ

Տաղանդավոր դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ ծնվում են, պրոֆեսիոնալ՝ դառնում

6 րոպեի ընթերցում

Տաղանդավոր դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ ծնվում են, պրոֆեսիոնալ՝ դառնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաղանդավոր դերասան, բեմադրիչ, բեմանկարիչ ծնվում են, պրոֆեսիոնալ՝ դառնում: Որևէ մեկին հնարավոր չէ տաղանդ նվիրել, սակայն օգնել, որպեսզի շնորհալի մարդը դառնա պրոֆեսիոնալ մարդ՝ Երևանիթատրոնի և կինոյի պետականինստիտուտի խնդիրն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը:

Այսօր, նոյեմբերի 20-ին Երևանիթատրոնի և կինոյի պետականինստիտուտը պաշտոնապես նշում է իր 70-ամյակը: Այս առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է ինստիտուտի նորանշանակ ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ հարցազրույցը, ով նաև ունի այս ինստիտուտում մոտ 20 տարվա դասավանդման փորձ:

-Պարոն Մուրադյան, տարեկան որքա՞ն ուսանող է ավարտում ինստիտուտը:

-Թիվը կայուն չէ, այս տարվա ընդունելությունը կազմեց մոտ 190 հոգի:

-Կարելի՞ է ասել, որ ինստիտուտը կարիք ունի լավ ուսանողների մեծ քանակի:

-Այդ նպատակով այս տարի մեզ մոտ ստեղծվել է մասնագիտական առաջխաղացման կենտրոն, որը զբաղվում է պատանիների մասնագիտական կողմնորոշմամբ: Այն զբաղվում է կադրեր ներգրավելով, նույնիսկ մենք ունենք մասնագետ, ով այցելում է դպրոցներ՝ հետաքրքիր երեխաներ որոնելու: Նաև նախագիծ ունենք տարբեր թատրոնների և կինոընկերությունների կադրերի անհրաժեշտության ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ:

-Ինստիտուտը վարու՞մ է վիճակագրություն իր շրջանավարտների զբաղվածության վերաբերյալ:

-Ոչ, սակայն մենք թատերական ուսումնական կենտրոնը վերաձևակերպել ենք որպես ուսանողական թատրոն-լաբորատորիա, որը նախատեսվում է դարձնել խաղացանկային թատրոն, որտեղ ուսանողները դիպլոմային աշխատանքները կցուցադրեն ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ դրանցից լավագույնները կդառնան խաղացանկային: Այս մտահղացումը կիրականացվի գարնանից, քանի որ Մշակույթի նախարարությունը մեր թատրոն-լաբորատորիան ընդգրկելու է հաջորդ տարվա թատերարվեստի աջակցության ծրագրերում: Եվ նույնիսկ մեր թատրոն-լաբորատորիայի կանոնադրության մեջ գրված է, որ ինստիտուտի շրջանավարտները, ավարտելուց հետո երեք տարվա ընթացքում, կայացման նպատակով իրավունք ունեն խաղալու, բեմադրություն դնելու, բեմ ձևավորելու:

Այս տարի մենք վերաբացեցինք նաև ռուսական թատրոնի կուրսը, որը գրեթե երեք տարի չէր գործում: Եվ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցության շնորհիվ Կ. Ս. Ստանիսլավկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը չորս տարի հետո կունենա իր նոր երիտասարդ դերասանները, ինչն անհրաժեշտ է, քանի որ թատրոնը մշտապես թարմացվող օրգանիզմ է:

-Դուք հետևե՞լ եք ինստիտուտում մարզերից եկած ուսանողների հետագա ճանապարհին: Ավարտելուց հետո նրանք վերադառնու՞մ են շրջաններ՝ այնտեղ զարգացնելու թատերական արվեստը:

-Այս հարցը պետք է ուսումնասիրել, թեպետ չեմ կարծում, որ շրջանավարտներն այնպայման պետք է ետ գնան: Եթե վերցնենք մեր տաղանդներին, ապա Մհեր Մկրտչյանն, օրինակ, մարզից եկավ: Սակայն Գյումրիի թատրոնը այսօր ունի երիտասարդ գլխավոր ռեժիսոր, ով վերջերս երիտասարդական ներկայացում բեմադրեց, և բեմում հիմնականում երիտասարդ դերասաններ էին: Մնացած մարզերում, իհարկե, խնդիր կա, օրինակ` Սյունիքում, որտեղ կան ավանդույթներով թատրոններ, թատերական ոլորտը ունի խնդիրներ:

-Ինստիտուտի ուսուցման համակարգում ի՞նչ նորարարություններ են ակնկալվում:

-Մենք կարևորում ենք ուսումնական համակարգում Եվրոպական համակարգը ներառելը, այդ առիթով լեհական Ադամ Միցկեվիչի ինստիտուտի հետ մեկ ամիս առաջ եկանք պայմանավորվածության, որպեսզի իրենց մասնագետները հատուկ կուրսերով գան մեզ մոտ և դասընթացներ վարեն դերասանների համար՝ կինոցուցադրություններով, ձայնաշնչառական վարժություններով: Նաև ծրագրում ենք ուսուցանել թատերական և կինոպրոդյուսերինգ, ինչպես նաև կինոսցենարիստություն, որն այսօր շատ է պահանջված:

- Այսօր որո՞նք են ինստիտուտի հիմնական խնդիրները:

-Ցավոք, այս տարի մնացած հաստատությունների պես քիչ էր դիմորդների քանակը: Դերասանական և ռեժիսորական բաժինների պահանջարկը միշտ էլ մեծ է, սակայն համալրելու խնդիր ունենք այլ բաժիններում: Օրինակ` այս տարի ստեղծեցինք համակարգչային գրաֆիկայի բաժինը, որի մասնագետները բավականին պահանջված են հեռուստաընկերություններում: Բացի ուսումնական կյանքից, գիտական կյանքի բաղադրիչի ավելացման պահանջ ևս կա, և միտք ունենք կապել մեր ինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի, Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի բաժնի մտածող ուսանողներին` տարին մեկ անգամ տարբեր թեմատիկայով գիտաժողովներ իրականացնելու նպատակով:

-Ի՞նչ այլ նորամուծություններ են ակնկալվում ինստիտուտում:

-Նախ ինստիտուտի հաջորդ տարվա բյուջեյի նախագիծը էականորեն տարբերվում է այս տարվա հահեմատությամբ՝ այն նախատեսում է որոշակի հավելում: Հույս ունենք, որ Ազգային ժողովը կհաստատի այն, և առաջին հերթին մեր պրոֆեսորադասախոսական կազմը արժանի վարձատրություն ստանալու հնարավորություն կունենա, մյուս կողմից` մենք փորձում ենք ներգրավել նաև աջակիցների: Օրինակ` «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ մենք հնարավորություն ստացանք ունենալու կոնֆերենց-սրահ: Նաև մոտակա ժամանակ համալսարանի բազայի հիման վրա կբացվի կինոստուդիա, որն առավել մեծ հնարավորություններ կտա մեր ուսանողներին` դիպլոմային աշխատանքները պատրաստելիս:

Զրուցեց Անահիտ Մինասյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում