Տնտեսություն

Վիճակագիրներն աղքատության աճ են արձանագրել

5 րոպեի ընթերցում

Վիճակագիրներն աղքատության աճ են արձանագրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում նկատվում է աղքատության ցուցանիշի աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ նոյեմբերի 18-ին կազմակերպել էր շնորհանդես` «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» խորագրով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության դահլիճում անցկացված միջոցառման ընթացքում խոսվեց երկրում առկա աղքատության ցուցանիշի վերաբերյալ:

«Աղքատությունը Հայաստանում դեռևս 2013-ին գերազանցում էր 2008-ի մակարդակը` ըստ սպառման ցուցանիշի և սուբյեկտիվ գնահատականների: Ըստ սպառման՝ 2008 թվականին աղքատության ցուցանիշը Հայաստանում կազմել է 27, 6 տոկոս, իսկ 2013 թվականին` 32 տոկոս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհանդեսի ժամանակ նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան:

ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանն էլ հավելեց, որ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության հիմնական արդյունքները» խորագրով զեկույցը տասնհինգերորդն է:

«Տնային տնտեսությունների տվյալների տրամադրումը վկայում է հետազոտության որակի մասին: Այլ երկրների համեմատ՝ Հայաստանը բավականին հաջողակ է եղել աղքատությունը հաղթահարելու և հատկապես ծայրահեղ աղքատությունը նվազեցնելու առումով»,-նշեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցն անդրադառնում է 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանի սոցիալական վիճակի և կենսամակարդակի փոփոխություններին: 2008-2013թթ. ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարևոր գործոնը 2009 թվականին տնտեսության խոր անկումն էր 14.1 տոկոսի չափով: Հայաստանի տնտեսությունը 2010 թվականին նախորդ տարվա նկատմամբ մի փոքր աճեց, սակայն աճը կազմեց ընդամենը 2.2 տոկոս, իսկ 2011 թվականին 2010 թվականի նկատմամբ աճը կազմեց 4.7 տոկոս: Հաջորդ տարում՝ 2012 թվականին տնտեսական աճը բավականին զգալի էր՝ 7.2 տոկոսի չափով, սակայն դեռ բավարար չէր 2008 թվականի մակարդակին հասնելու համար, իսկ 2013 թվականին տնտեսության տարեկան աճը կազմեց 3.5 տոկոս: Ինչպես բացահայտում են 2013 թվականի ՏՏԿԱՀ տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008 թվականի համեմատ աճել է 4.4 տոկոսով, սակայն աճը նկատվել է սպառման միայն երրորդ, չորրորդ և հինգերորդ քվինտիլներում:

2013 թվականին արձանագրվեց նախորդ տարվա համեմատ աղքատության մակարդակի աննշան նվազում, ինչը վիճակագրորեն նշանակալի չէ: 2013 թվականին աղքատության մակարդակը կազմել է 32.0 տոկոս, որն ընդամենը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից ( 32.4 տոկոս):

2013 թվականին բնակչության գրեթե ամեն երրորդը` 32.0 տոկոսը, եղել է աղքատ, որոնցից 13.3 տոկոսը` շատ աղքատ, իսկ 2.7 տոկոսը` ծայրահեղ աղքատ: Չնայած որ 2011 թվականից աղքատության մակարդակն անընդմեջ նվազել է, սակայն դրա խորությունն ու սրությունը դեռևս գերազանցում են 2008 թվականի մակարդակը: 2013 թվականին աղքատների թվաքանակը կազմել է մոտ 967 հազար (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով1), որոնց թվում շատ աղքատների թվաքանակը կազմել է 402 հազար, իսկ վերջինների թվում ծայրահեղ աղքատների թվաքանակը կազմել է մոտ 82 հազար մարդ:

Աղքատությունը 2013 թվականին շատ չի տարբերվում ըստ քաղաքային (32.2 տոկոս) և գյուղական (31.7 տոկոս) բնակավայրերի: 2008-2013թթ. ժամանակահատվածում աղքատության մակարդակի աճը քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի արագ է ընթացել, քան գյուղական բնակավայրերում (4.6 տոկոսային կետ` 4.2 տոկոսային կետի դիմաց): Մայրաքաղաք Երևանում ըստ տարածաշրջանների աղքատության մակարդակն ամենացածրն է (25.5 տոկոս), ինչը 1.5 անգամ ցածր է, քան Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թվականի համեմատ աղքատության աճը 2013 թվականին Երևանում կազմել է 5.4 տոկոսային կետ, Երևանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում`3.5 տոկոսային կետ: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63.8 տոկոս) քաղաքաբնակներ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում