Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գրողների միությունը կարևորում է սերնդափոխությունը. Էդվարդ Միլիտոնյան

Գրողների միությունը կարևորում է սերնդափոխությունը. Էդվարդ Միլիտոնյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունն արդեն մեկ տարի ղեկավարում է բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը համոզված է, որ վերջին մեկ տարվա ընթացքում միությունում մեծ աշխատանք է կատարվել: Միլիտոնյանի խոսքով՝ իրենց առջև նպատակ էր դրվել պահպանել նախորդ տարիների ընթացքում միության կատարած գործերի ավանդույթը և հնարավորություն ստեղծել նոր աշխատանքների համար:

«Մենք պահպանել ենք այն բոլոր հիմնական միջոցառումները, որոնք գրական կյանքի մաս են կազմել՝ մանկապատանեկան գրքի շաբաթը, գիրք նվիրելու օրը, պոեզիայի միջազգային օրերը, տոների, հոբելյանների անցկացումը և այլ իրադարձություններ: Այս մեկ տարվա ընթացքում մենք անցկացրել ենք պոեզիայի ավանդական ցերեկույթներ: Նշվել են մեր բոլոր գրողների հոբելյանները, ծննդյան և մահվան օրերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահության մեկ տարվան նվիրված ամփոփիչ ասուլիսի ընթացքում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հավելելով, որ այդ բոլոր միջոցառումներին մասնակցել են մարզերի գրական բաժանմունքների գրողները:

Նա ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում մեծ աշխատանք են կատարել բանավեճի և գրական ակումբները, ինչպես նաև ստեղծվել է շախմատի ակումբ:

«Մեր աշխատանքը լիարժեք իր հունի մեջ չէր մտնի, եթե նախարարությունների, տարբեր կազմակերպությունների, միավորումների հետ չաշխատեինք: Աշխատանքները շատ լավ են ընթանում: Աշխատում ենք նաև սփյուռքի և արտերկրի գրողների հետ, համագործակցում այլ երկրների հետ, և հայ գրողների ստեղծագործություններն էլ տպագրվում են այլ լեզուներով»,-գոհունակությամբ փաստեց Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահի խոսքով՝ միության աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև երիտասարդ ստեղծագործողները: «Վերջին տարիներին շատ երիտասարդ գրողներ ենք ընդունում միություն , պիտի սատարենք հետագա սերնդափոխությանը»,-համոզված է նա:   

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ հայ ժամանակակից բանաստեղծները 1915 թվականին նվիրված ստեղծագործություններով հանդես կգան, որոնք կամփոփվեն մեկ ժողովածուի մեջ:

«Նոյեմբերի 14-ին էլ գրողների միությունում ժամանակակից պոեզիայի հարցերի վերաբերյալ պլենում կանցկացվի»,-հավելեց նա:

Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց բոլոր լրատվամիջոցներին՝ այդ թվում «Արմենպրես» գործակալությանը` աջակցության և լուսաբանման համար:

Էդվարդ Միլիտոնյանը ծնվել է 1952թ. Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Պիոներ», «Ծիծեռնակ», «Գարուն» ամսագրերում` որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1977-ից Հայաստանի Գրողների միության անդամ է: 2005թ. ընտրվել է ՀԳՄ վարչության քարտուղար: Հեղինակել է 29 բանաստեղծական ժողովածու, որոնք տպագրվել են տարբեր լեզուներով: 2013թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ: 2014թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի` «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am