Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այլ եկեղեցու փաստաթղթի վերաբերյալ տեսակետ չի արտահայտում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը այլ եկեղեցու փաստաթղթի վերաբերյալ տեսակետ չի 
արտահայտում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս տարբեր եկեղեցիների կողմից պահպանողական տեսակետների փոփոխությունների առաջարկները և՛ միջազգային, և՛ տեղական  մամուլում լայն արձագանք են գտել: Վատիկանում Ֆրանցիսկոս պապի նախագահությամբ ընտանեկան արժեքներին նվիրված արտակարգ գագաթաժողովի ժամանակ Բուդապեշտի կարդինալ  Պիթեր Էրդոնի միջանկյալ զեկույցում կոչ էր արվում մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին կան և հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել ոչ ավանդական զույգերին ու համասեռամոլներին: Շատ դեպքերում դեռ վաղ է կարծիք արտահայտել այս կամ այն երևույթի մասին, երբ դա դեռ պաշտոնական երանգ չի ստացել և չունի օրենքի ուժ, այլ այս կամ այն հոգևորականի առաջարկն է, արտահայտած տեսակետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշեց, որ այդ  հարցերի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական տեսակետ արտահայտելու անհրաժեշտություն չունի, քանի որ դա թեև բարեկամ և  համագործակից, բայց այլ եկեղեցու փաստաթուղթ է, այն էլ` ոչ վերջնական տեսքի բերված:

Կարդինալի զեկույցի մյուս հատվածը վերաբերում էր հաղորդություն տալուն ամուսնալուծվածներին, երկրորդ անգամ պսակվածներին և նրանց, ովքեր չեն ամուսնացել, բայց ապրում են ամուսնական կյանքով: «Այս զեկույցը բավական բուռն արձագանք գտավ մամուլում, քանի, որ կաթոլիկ եկեղեցին ունի 1 միլիարդից ավելի հետևորդ, 200-ից ավելի կարդինալներ, ովքեր գալիս են տարբեր մշակույթներից և ավանդույթներից և, բնականաբար, իրենց համայնքների խնդիրները բերել էին այդ ժողովին: Ես կարդացի կարդինալ Կասպերի բավական հետաքրքիր հարցազրույցը, որտեղ, վերջինս նշում էր, որ ժողովը «թեժ էր, կրակ կար՝  լրատվամիջոցների պատճառով»: Բնականաբար, զեկույցը միջանկյալ էր, բայց շեշտադրվեցին խնդրահարույց հարցեր: Ժողովը փակվեց այն շեշտադրությամբ, որ Կաթոլիկ եկեղեցին պահպանում է ընտանիքի մասին ավանդական տեսակետը, չի խեղում ավանդական պատկերացումները, չի փոխում իր կարծիքը կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների, աստվածաշնչյան հիմքի վրա դրված ավանդական ընտանիքի մասին»,-նշեց Հովակիմ սրբազանը:

Հաջորդ աղմկահարույց որոշումը բրիտանական խորհրդարանի լորդերի պալատի հավանությունն  էր՝ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից կանանց անգլիկան եկեղեցու եպիսկոպոս դառնալու թույլտվություն տալու առաջարկին: Սպասվում է, որ առաջարկը կհաստատվի խորհրդարանականների կողմից արդեն այս շաբաթ: «Անգլիկան եկեղեցու հետ մենք երկխոսության մեջ էինք մինչև 2003 թվականը, հիմա նորից   վերականգնել ենք Անգլիկան-Արևելյան Ուղղափառ երկխոսությունը: Մենք փորձում ենք երկխոսել քույր եկեղեցու հետ, բայց նաև իրենց ներկայայացնում ենք այն խնդիրները, որոնք անընդունելի են մեզ համար: Մեզ համար մերժելի է թե՛ կանանց ձեռնադրությունը, թե՛ եպիսկոպոսական աստիճան տալը: Անգլիկան Հաղորդության 39 եկեղեցիներից միայն  Անգլիայի եկեղեցին այդ չէր անում, այն ևս արեց: Մեզ համար առավել մերժելի են նաև Անգլիկան՝ հատկապես եպիսկոպոսական որոշ եկեղեցիների կողմից միասեռականներին ձեռնադրելու և պսակադրելու դրսևորումները: Սա խնդիր  է Անգլիկան Հաղորդության եկեղեցիներում, որի շուրջ համաձայնության չեն գալիս 2003 թվականից, և բուն հաղորդությունը ճգնաժամի առաջ է կանգնած: Սակայն, այս ամենով հանդերձ, մեր միջև համագործակցություն կա, և այն լայն ոլորտներ է ընդգրկում: Անգլիկաններն ուղղափառների և, ընդսմին մեզ հետ, հարաբերություններում, հաշվի են առնում մեր մոտեցումները: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ Անգլիկան եկեղեցու հետ ունեք հարաբերություններ 19-րդ դարավերջից-20-րդ դարասկզբից և չենք կարող անտեսել նաև, որ անգլիկաններն առաջինն  էին, որ իրենց եկեղեցիները տրամադրեցին հայ գաղթականներին, որ պատարագներ մատուցեն»,-ավելացրեց Տ.Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am