Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ադրբեջանցի դիվերսանտները մասնակի ընդունել են իրենց մեղքը

Ադրբեջանցի դիվերսանտները մասնակի ընդունել են իրենց մեղքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկած ադրբեջանցի դիվերսանտների դատավարության առաջին նիստի ժամանակ ամբաստանյալներից յուրաքանչյուրը մասնակի է ընդունել իր մեղքը՝ հանձն առնելով միայն գողության արձանագրված փաստերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, այսօր առավոտյան ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում սկսվել է այս տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանում ապօրինաբար հատած ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի (ծնվ.1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի (ծնվ. 1960թ.) դատավարությունը: խմբի ևս մեկ անդամ՝ Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978թ.) դիվերսանտների ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:

Դատական նիստը նախագահում է ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Անատոլի Թադևոսյանը: Ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն ապահովված են ռուս-հայերեն լեզուների մասնագետ թարգմանչով, իսկ որպես  նրանց դատապաշտպաններ նիստում հանդես են գալիս փաստաբաններ, համապատասխանաբար, Էրիկ Բեգլարյանը՝ ԼՂՀ հանրային պաշտպանի գրասենյակից և Արկադի Իսրայելյանը՝ ԼՂՀ փաստաբանների պալատից:

Դատական գործով  պետական մեղադրող է ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը:

Դատական նիստին ներկա են ադրբեջանցի դիվերսանտների կողմից Քարվաճառի շրջանում դաժանաբար սպանված Սմբատ Ցականյանի իրավահաջորդ Մեխակ Ցականյանը՝ 16-ամյա պատանու հայրը և տուժող Վրեժ Բալայանը, ինչպես նաև մի խումբ վկաներ: Վերջիններս նիստի նախագահի հրահանգով ժամանակավորապես լքեցին դատաքննության դահլիճը:

Համաձայն դատական նիստի սահմանված ընթացակարգի՝ նիստի նախագահը հրապարակել է ամբաստանյալներին ներկայացվող մեղադրանքները, ինչպես նաև նրանց իրավունքներն ու պարտականությունները: Այնուհետև, պատասխանելով դատավորի համապատասխան հարցերին, ամբաստանյալները ներկայացրել են իրենց կենսագրական տվյալները:

Դատաքննությունն սկսվել է պետական մեղադրողի  կողմից մեղադրական եզրակացության ներկայացմամբ: Հաղորդվել է, որ  ամբաստանյալներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, 350-րդ հոդվածի 2-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից, առանց պատշաճ թույլտվության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կողմից  պահպանվող պետական սահմանի հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

 Հայտարարված ընդմիջումից հետո՝ ժամը 14.00-ից, դատաքննությունը շարունակվում է:    

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն:

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Կազմակերպված հանցավոր խմբի` ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am