Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Հայաստանը՝ ոսկեգործական կենտրոն». 2016թ. այս անունը կհնչի բացականչական նշանով

«Հայաստանը՝ ոսկեգործական կենտրոն». 2016թ. այս անունը կհնչի բացականչական 
նշանով

ԵՐԵՎԱՆ, 27  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն դարձնելու նպատակով Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) Երևանում անցկացնում է միջազգային համաժողով, որին մասնակցում են խոշորագույն ոսկեգործական կազմակերպությունների ղեկավարները։ «Մերիդիան» նորաբաց էքսպո կենտրոնում անցկացվող համաժողովին ներկա է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ողջունեց Հայաստանում նման համաժողովի անցկացումը՝ հիշեցնելով, որ ոսկեգործությունը ՀՀ-ում ճանաչված է որպես տնտեսության գերակա ճյուղ։

«Հայաստանում ոսկեգործությունը զարգացած է եղել դեռ վաղ անցյալում, և այսօր էլ ավանդույթները շարունակվում են։ Համոզված եմ, որ սա լավ հարթակ է Հայաստանում ոլորտի խնդիրները քաննարկելու և լուծման ուղիները գտնելու համար։ Կառավարությունն իր հերթին մեծ ուշադրություն է դարձնում ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներին։ Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել գլոբալ ոսկեգործության տարածաշրջանային հանգույց։ Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունն էլ իր հերթին հնարավորություն կտա մեր ոսկերիչներին ընդլայնել շուկաները և որակյալ հումք ձեռք բերել։ Մեր երկրում ոսկեգործության զարգացմանը կնպաստի նաև ազատ տնտեսական գոտու բացումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։ 


Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը  շեշտեց այն հանգամանքը, որ հայերը մեծ ճանաչում ունեն ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում։ «Հայ ոսկերիչներին ճանաչում են միջազգային բոլոր խոշոր հարթակներում։ Հուսով ենք, որ համաժողովի ընթացքում ականատես ենք լինելու նոր ծրագրերի մեկնարկի և պայմանագրերի կնքման։ Միջազգային մի շարք մասնագիտացմած կառույցների ղեկավարներ են այսօր գտնվում այստեղ, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ նրանց վստահության մասին։ Հայաստանը բաց դռների քաղաքականություն է իրականացնում օտարերկրյա ներդրումների համար։ Ներդրումների ներգրավման նպատակով ստեղծվել են ազատ տնտեսական գոտիներ, որոնք թույլ են տալիս ներդրողներին ավելի ազատ և արտոնյալ պայմաններում կազմակերպել իրենց աշխատանքները»,- ասաց Ճշմարիտյանը։


Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ 2016 թվականին Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) հերթական կոնգրեսն անցկացվելու է Երևանում։ «Չորս տարի առաջ «Երևան Շոու» ցուցահանդեսը սկսվեց որպես սովորական ցուցահանդես, որտեղ ներկայացվում էին սփյուռքահայ ոսկերիչների աշխատանքները, սակայն չորս տարիների ընթացքում այն դարձավ մեծ հարթակ աշխարհի լավագույն ոսկերիչների համար։ Այսօր արդեն մեզ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել, որպեզի Համաշխարհային ոսկերչական համադաշնության (CIBJO) ամենամյա կոնգրեսն անցկացվի Երևանում։ Վստահ եմ, որ 2016-ին՝ կոնգրեսի անցկացման ժամանակ, «Հայաստանը՝ ոսկեգործական կենտրոն» անունը կհնչի բացականչական նշանով։ Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ պայմանները՝ դառնալու այդպիսին»,- ասաց Գևորգյանը։


Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ համատեղ անցկացնում է «Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» ներդրումային համաժողովը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայրենական և արտասահմանյան ոսկեգործության ոլորտի շուրջ 300 ներկայացուցիչ։ Նրանց թվում  են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին,«VICENZAORO միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի պետական գանձարանի ղեկավար Անդրեյ Յուրինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Շկադովը, Իսրայելի ոսկերիչ-արտադրողների միության գործադիր տնօրեն Իցհակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լևինը, ինչպես նաև ադամանդի ոլորտի աշխարհահռչակ «Դե Բիրս» և «Ալռոսա» ընկերությունների ղեկավարները: Համաժողովի ընթացքում նախատեսվում է երկու կլոր սեղանի անցկացում հետևյալ թեմաներով՝  «Ոսկեգործության զարգացման համաշխարհային մտումները և ՀՀ-ում ներդրումների ներգրավման հնարավորությունները» և «Հայաստանում ադամանդագործության զարգացման հնարավորությունները»։

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am