Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սերժ Ավետիքյանն իր «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմով կխոսի ցեղասպանության հետևանքների մասին

Սերժ Ավետիքյանն իր «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմով կխոսի 
ցեղասպանության հետևանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը վերջին շրջանում լրջորեն աշխատում է իր նոր՝ «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի վրա: Ռեժիսորին այս անգամ Հայաստան է բերել «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային 6-րդ անիմացիոն կինոփառատոնը, որի շրջանակում նա հանրությանը ներկայացրեց և պատմեց իր նոր անիմացիոն կինոնկարի մասին: Հայաստանում մշտապես սպասված և սիրված ռեժիսորը խոստովանում է՝ շատ ուրախ է լինել Երևանում:   

«Ուրախ եմ լինել «ՌեԱնիմանիա» փառատոնի հյուրը: Կարծում եմ, որ հանրությանը կհետաքրքրի այս աշխատանքը: Ինքս անիմատոր չեմ, բայց կարծում եմ, որ անիմացիան ծնվում է ձգտումից: Ինձ համար տարօրինակ էր մտածել, որ ես անիմացիա կստեղծեմ: Մինչ այս նախագիծն արդեն իսկ պատրաստել եմ անիմացիոն ֆիլմեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայ կինոսերների հետ հանդիպման սկզբում նշեց Սերժ Ավետիքյանը:   

Ռեժիսորի խոսքով՝ ցանկացած անիմացիոն ֆիլմի համար շատ կարևոր է ձայնը, և խոսք-անիմացիա համադրությունը պետք է համահունչ լինի:

««Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի վրա սկսել եմ աշխատել դեռ 10 տարի առաջ: Այն անդրադառնում է Հայոց ցեղասպանության հետևանքներին, որոնց ավելի բարդ է մոտենալ: Իմ ֆիլմի հերոսները հայեր են՝ որբ քույր և եղբայր: Քույրն իր մարմինն է վաճառում, եղբայրը՝ բռնցքամարտիկ է: Ամբողջ պատմությունն սկսվում է այն օրը, երբ քաղաք է գալիս մի թուրք բռնցքամարտիկ, և հայ հերոսը՝ Արմենը, պետք է մենամարտի նրա հետ»,-նշեց Ավետիքյանը:

1946-ին թուրք բռնցքամարտիկ Սուլեյմանը և հայ բռնցքամարտիկ Արմենը հայտնվում են անողոք հետապնդման ծուղակում: Եթովպիայում կայացած նրանց մրցամարտից հետո Սուլեյմանը, իմանալով, որ իրեն փնտրում են գործած հանցանքների համար, կեղծում է իր մահը, ինքնությունը փոխելու նպատակով: Արմենը, որ մեղադրվում է Սուլեյմանի սպանության համար, պետք է փախչի: Նրանք կհանդիպեն Ստամբուլում, որտեղ, ի վերջո, կմաքրեն իրենց հաշիվները: Իռլանդացի բռնցքամարտիկ Սթան Օ’Բրայենը, որը հետաքննություն է վարում անգլիացիների համար, կներգրավվի այս ուղևորության մեջ: Արմենի քույր Ռոզան ամեն ինչ կանի եղբորը փրկելու համար: Նրա ռոմանտիկ հանդիպումը Օ’Բրայենի հետ բախտորոշ կդառնա բոլորի համար:

Ավետիքյանը խոստովանեց, որ սկզբում ցանկություն ուներ սցենարի հիման վրա սև և սպիտակ ֆիլմ նկարահանել՝ որպես հիմք ընդունելով այն վավերագրական կադրերը, որոնք գտել էր Ֆրանսիայում: Սակայն նա որոշ ժամանակով թողեց նախագիծը և սկսեց այլ ֆիլմեր նկարահանել: Հետո էլ որոշեց «Վերջին ռաունդը Ստամբուլում» նկարահանել անիմացիայի ժանրում:

Հոկտեմբերի 26-ին հայ կինոսերների հետ հանդիպման ընթացքում Սերժ Ավետիքյանը խոսեց անիմացիոն ֆիլմի կերպարների մասին, ներկայացրեց ֆիլմի 20 րոպեանոց «կմախքը», ինչպես նաև 4 րոպեանոց պիլիոտային տարբերակը:  

«Անիմացիոն ֆիլմերը մեծ ապագա ունեն, դրանք մեծ հանդիսատես կունենան: Հուսով եմ, որ կավարտեմ ֆիլմի աշխատանքները և այն կներկայացվի հաջորդ տարվա «ՌեԱնիմանիա»-ին: Արդեն 10-րդ տարին է՝ աշխատում եմ այս ֆիլմի վրա»,-նշեց Ավետիքյանը:

Ռեժիսոր, սցենարիստ, դերասան Սերժ Ավետիքյանը սովորել է Մյոդոնի դրամատիկական արվեստի դպրոցում, խաղացել ֆրանսիական դասական ու ժամանակակից խաղացանկի շատ ներկայացումներում: 1976-ին Փարիզում հիմնել է թատերական ընկերություն և մի շարք ներկայացումներ բեմադրել: 1982-ից սկսել է վավերագրական ֆիլմեր նկարահանել` միաժամանակ շարունակելով աշխատանքը որպես կինոյի և թատրոնի դերասան: 1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը և հեղինակային ֆիլմեր նկարահանել: Զուգահեռաբար շարունակել է դերասանական գործունեությունը թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում: 2000-ից առավելապես նվիրվել է թատրոնում և կինոյում խաղալուն և շարունակել ֆիլմեր նկարահանել նոր պրոդյուսերների հետ: 2007-ին ասպարեզ է հանել «Մենք նույն ջուրն ենք խմել» իր առաջին վավերագրական լիամետրաժ ֆիլմը: 2010-ին
Ավետիքյանը «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղին»: Նա կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված «Փարաջանով» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համահեղինակն է և գլխավոր դերակատարը: Բեմադրել է նաև «Անուշ» օպերան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am