Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետը 25-տարեկան է

ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետը 25-տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ մասնակցել է բուհում տնտեսաիրավաբանական ֆակուլտետի  հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ստեփանակերտ ժամանած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցչական պատվիրակությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը հյուրերի հետ միասին նախ ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմում զոհված ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա բուհի մեծ դահլիճում մասնակցել հանդիսավոր միջոցառմանը:

Միջոցառման մասնակիցներին ուղղած ողջույնի խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ով, մասնավորապես, նշել է, որ երկու բուհերի միջև արդեն ձևավորվել է արդյունավետ համագործակցություն: Ընդամենը մեկ ամիս առաջ նման հանդիպում տեղի է ունեցել Երևանում` ՀՊՏ համալսարանում, որին ներկա է եղել նաև ԱրՊՀ խորհրդի նախագահ, հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել փոխադարձ այցելության համար՝ ակնկալելով, որ առաջիկայում այդ համագործակցությունը ավելի կամրապնդվի:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու բուհերի միջև ձևավորվող հարաբերությունները և նշել, որ անցած 25 տարիների ընթացքում ԱրՊՀ շրջանավարտները կարևոր դերակատարություն են ունեցել և հիմա էլ ունեն Արցախի պետականության կայացման գործում: Անդրադառնալով բուհում տնտեսագիտության մասնագիտության հիմնադրման և կայացման ուղուն՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է հատկապես տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՏ համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ Յուրի Սուվարյանի դերը: Շնորհակալություն հայտնելով  Յուրի Սուվարյանին Արցախի գիտակրթական համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ վարչապետը նրան պարգևատրել է Արցախի վարչապետի, իսկ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ համալսարանի «Ոսկե խաչ» հուշամեդալով: Ֆակուլտետի կայացման ուղղությամբ ունեցած ներդրման համար ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների  թեկնածու, դոցենտ Միքայել Թավադյանն արժանացել է վարչապետի պատվոգրի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևատրության համար՝ Յուրի Սուվարյանն իր ելույթում անդրադարձել է Արցախի տնտեսության զարգացմանն ու գերակա ուղղություններում իրականացվող քաղաքականությանը: Նա բարձր է գնահատել տարեկան 9-10 տոկոս տնտեսական աճի ապահովումը  և նշել, որ առաջիկա տարիներին նման տեմպերի պահպանումը հնարավորություն կտա մեծ առաջընթաց ապահովել Արցախի զարգացման գործում: Տնտեսության զարգացման արդյունավետության բարձրացման համար, սակայն,  Յուրի Սուվարյանը մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք վերաբերել են, մասնավորապես, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը և վերամշակող արդյունաբերությանը:

Հանդիպմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Միջոցառման ավարտին ցուցադրվել է կարճամետրաժ ֆիլմ՝ նվիրված ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հիմնադրմանն ու կայացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am