Սերբիայի հավաքականից կհանվի 3 միավոր. ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հրապարակել է որոշումը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն պաշտոնապես հրապարակել է Սերբիա-Ալբանիա խաղի մասին իր որոշումը:
Բացի նրանից, որ Սերբիայի հավաքականը Եվրո-2016 ընտրական փուլի շրջանակում տնային հանդիպումները կանցկացնի առանց երկրպագուների, Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան 100 հազար եվրո տուգանք պետք է վճարի: Հրապարակված 5 կետերից մեկը նաև այն է, որ մինչ այս ունեցած սերբերի միավորներից կհանվի 3 միավոր, իսկ Սերբիա-Ալբանիա խաղը կվերախաղարկվի չեզոք դաշտում: Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ևս տուգանվել է 100 հազար եվրոյով: Ալբանիայի հավաքականին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն:
Սերբիայի ազգային թիմն ունի միայն մեկ միավոր` հաշվի չառնելով Ալբանիայի հետ կիսատ մնացած հանդիպումը:
Հոկտեմբերի 14-ին Բելգրադում կայացած խաղի առաջին կեսի վերջնամասում խաղադաշտ է մտել անօդաչու սարք, որի վրա ամրացված է եղել Ալբանիայի դրոշը: Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Ստեֆան Միտրովիչը մոտեցել է սարքին, պոկել դրոշը: Նրան է միացել նաև սերբ մեկ այլ ֆուտբոլիստ`Նեմանյա Գուդելը: Ալբանացի ֆուտբոլիստներից Էնդի Լիլային և Տաուլանտ Ջաքային դուր չի եկել սերբ ֆուտբոլիստների վերաբերմունքը, խաղադաշտում ծեծկռտուք է սկսվել: Հանդիպման գլխավոր մրցավարը որոշում է կայացրել ընդհատել խաղը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում