Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ և ռուս հոգևորականները քրիստոնյային վայել ֆուտբոլային խաղ ցուցադրեցին Երևանում

Հայ և ռուս հոգևորականները քրիստոնյային վայել ֆուտբոլային խաղ ցուցադրեցին 
Երևանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և ռուս հոգևորականները Երևանում չափեցին իրենց ուժերը ֆուտբոլի դաշտում` քարոզելով առողջ ապրելակերպ: Խաղն անցավ բուռն մրցակցության պայմաններում, որի արդյունքում, ինչպես հյուրընկալվող թիմի անդամներից մեկը նշեց, հայերը նրանց զիջեցին հաղթանակը` 0:1: 

«Արմենպրես»-ի թղթակցի համար անսովոր էր կանաչ խոտածածկույթի վրա տեսնել սևազգեստ հոգևորականներին` արդեն մարզաշապիկներով` գնդակի համար պայքարում: Բազմաթիվ գոլային պահեր եղան ինչպես հայերի, այնպես էլ ռուսների դարպասների մոտ, որոնք երկու կողմերի դարպասապահները մեծ վարպետությամբ հետ մղեցին: Հայկական թիմում իր խաղով աչքի ընկավ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով մինչ հոգևորականի ուղին բռնելը, զբաղվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլով:

Հատկանշական է, որ ֆուտբոլիստներին սատարելու էին եկել տարբեր տարիքի ու սեռի անձինք, ովքեր իրենց վանկարկումներով և ողջույններով էլ ավելի մեծ հմայք հաղորդեցին հանդիպմանը: Իրենց հոգևոր եղբայրներին սատարելու էին եկել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանը, այլ հոգևոր հովիվներ, սարկավագներ:

Խաղի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ռուսական թիմի խաղացող, Սանկտ Պետերբուրգից Հայր Բոգդանը նշեց, որ իրենց համար շատ դժվար էր հաղթանակ տոնելը, քանզի խաղում էին ուժեղ հակառակորդի հետ: «Մենք սիրողական խաղացողներ ենք և, բացի այդ, երեկ շատ համեղ հայկական ուտելիքներ ենք փորձել, ինչի պատճառով էլ շատ դժվար էր վազելը»,- ժպիտով նշում է ռուս հոգևորականը:


Նրա խոսքով` հեշտ համատեղելի են սպորտային և հոգևոր կանոնները` չէ որ անհերքելի ճշմարտություն է` «առողջ մարմնում, առողջ հոգի» ասույթը:

«Մենք մեր թիմը ստեղծել ենք հենց հասարակական ու միսիոներական խնդիրներ լուծելու համար: Երիտասարդները չպետք է մտածեն, որ հոգևորականները տարօրինակ մարդիկ են` երկար մորուքով, խաչը կրծքներին, ովքեր միայն խոսում են փրկության մասին: Նրանք մարդիկ են, ովքեր իրենց օրինակով ցույց են տալիս, որ հետաքրքիր են, սիրում են խաղալ ֆուտբոլ, ում օտար չեն կյանքի հետաքրքրությունները: Մենք մեր թիմով ցույց ենք տալիս, որ սպորտն ավելի լավ է, քան գարեջուր խմելը, ծխելը կամ էլ թմրանյութ օգտագործելը: Մենք մասնակցում ենք տարբեր հասարակական միջոցառումների` քարոզելով առողջ ապրալակերպ: Մենք հաճախում ենք կալանավայրեր, բանտեր, շփվում ձերբակալվածների հետ, այցելում ենք մանկատներ, վերականգնողական կենտրոններ, կազմակերպում ենք բարեգործական ակցիաներ: Մենք խաղում  ենք ֆուտբոլ ոչ միայն մեզ համար. այն հոգևոր ծառայություն է` տաճարից դուրս»,-ասաց Հայր Բոգդանը:

Հարցին ի պատասխան, թե ինչու հաղթեցին` նշեց. «Կարծում եմ` մեր հայ գործընկերները մեզ հաղթանակը զիջեցին»:

Ռուսական կողմի ներկայացուցիչները ուրախ կլինեն հաջորդ անգամ հայ հոգևորականների թիմին հյուրընկալել Սանկտ Պետերբուրգում, սակայն, չխոստացան, որ կպարտվեն: «Մենք խոստանում ենք լավ, արդար, տղամարդկային ու բարի պայքար: Ամենակարևորն այն է, որ այստեղ ոչ ոք մյուսի հետ չվիճեց. քրիստոնեական ոգով, մեծ սրտով, մեծ ընկերությամբ անցկացվեց խաղը, որի համար շատ ուրախ ենք»,- ավարտեց Հայր Բոգդանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am