Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսական ընկերությունները Երևանում ցուցադրում են իրենց արտադրանքը

Ռուսական ընկերությունները Երևանում ցուցադրում են իրենց արտադրանքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուս արդյունաբերողները ցանկանում են նաև Հայաստանում տեսնել իրենց արտադրանքը: Արտահանման պոտենցիալ ունեցող մի քանի տասնյակ ընկերություններ այդ նպատակն իրագործելու համար ժամանել են Երևան` մասնակցելու Expo-Russia-Armenia 2014 վեցերորդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին: Ռուս գործարարների ներկայացրած տեսականին լայն է` արդյունաբերական  խոշոր սարքավորումներից մինչև գյուղատնտեսական մանր ապրանքներ, իսկ հայ գործընկերներ գտնելը, նրանց համոզմամբ, այդքան էլ բարդ չէ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ով վստահ է, որ արդեն Եվրասիական տնտեսական միության կազմում հայ-ռուսական հարաբերություններն ավելի են ամրապնդվելու: «Հայկական արտադրանքի մի զգալի մասն արտահանվում է ռուսական շուկա, իսկ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո բացվում են նաև համագործակցության նոր հորիզոններ: Այսուհետև կվերանան մաքսային բոլոր խոչընդոտները, ինչը տնտեսության զարգացման համար նոր խթան  կհանդիսանա: Դա էլ իր հերթին կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և ենթակառուցվածքների զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Վոլինկինը:

Արդյունաբերական ցուցահանդեսի կազմակերպիչ «Մուլտի գրուպ»-ի  տնօրենների խորհրդի անդամ Սեդրակ Առուսատամյանը նշեց, որ մասնակից բոլոր ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և կարող են գործընկերներ գտնել Հայաստանում:

Ցուցահանդեսին  մասնակցում են արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են էներգետիկայի, մեքենաշինության, մետաղագործության, շինարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներ:

«Արմենպրես»-ի հետ զրուցում Նովոսիբիրսկի մարզը ներկայացնող տաղավարի ներկայացուցիչ Սվետլանա Գուրչենկոն պատմեց, որ այնտեղ արտադրվում են բազմապիսի սարքավորումներ, սակայն  առանձնացրեց կենցաղային տեխնիկայի արտադրությունը: «Մեր արտադրանքը վաճառվում է հիմնականում Ռուսաստանում և Ղազախստանում, սակայն կցանկանայինք նաև արտահանում կազմակերպել Հայաստան: Մենք արտադրում ենք մեծ պատասխանատվությամբ և սարքավորման յուրաքանչյուր դետալ փորձաքննություն է անցնում մինչ օգտագործումը»,- ասաց Գուրչենկոն:

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև թաթարական պոմպեր արտադրող ընկերությունը, որի տնօրեն Վադիմ Պանտելեը  նշեց, որ հույս ունեն Հայաստանի հետ առևտրային կապեր ստեղծել: «Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո պատրաստ ենք նաև Հայաստանի հետ համագործակցել: Ներկայումս մեր արտադրանքը վաճառվում է  ռուսական, բելառուսական և ղազախական շուկաներում»,- ասաց նա:

Ռուսաստանը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ ամենամեծ ծավալն ունեցող պետությունն է:  2014 թվականի հունվար-օգոստոսին Ռուսաստանից Հայաստան  ներմուծվել է շուրջ 646 մլն 670 հազար դոլարի ապրանք, արտահանվել՝ 184 մլն 775.8 հազարի: Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել հետևյալ ապրանքները՝  էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, ադամանդ, ծիրան, դեղձ և այլ մրգեր, թարմ կամ պաղեցրած ձուկ և խեցգետնակերպեր: Արտահանված ապրանքների մեջ մեծ է նաև պահածոյացված մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի, բնական և արհեստական ջրերի տեսակարար կշիռը։

Ընթացիկ տարվա ութ ամսում Ռուսաստանից Հայաստան ներմուծված առավել բարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներն են՝ բնական և հեղուկ գազը, նավթ եւ նավթամթերքը, ցորենը, անմշակ ալյումինը և ձեթը: Ռուսաստանից մեր երկիր է ներկրվել նաև շոկոլադ, էթիլային սպիրտ և այլ սպիրտային ըմպելիքներ, եգիպտացորեն, սիգարետ, մարգարին և այլ սննդամթերք, անվադողեր, ադամանդ, մարդատար ավտոմեքենաներ, բեռնաթափելու և բարձրացնելու համար նախատեսված մեքենաներ, հաց և հրուշակեղեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am