Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ձեր կանոնակարգով ուրիշի տաճար մի մտեք. Շարմազանովի կոչն ընդդիմադիրներին

Ձեր կանոնակարգով ուրիշի տաճար մի մտեք. Շարմազանովի կոչն ընդդիմադիրներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթով անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին՝ պատգամավորների խոսափողն անհիմն անջատելու վերաբերյալ: Իր ելույթում Շարմազանովն ընդգծեց, որ իրենք գտնվում են խորհրդարանում, որտեղ պետք է հանդես գալ միայն խորհրդարանական բառապաշարով: «Ես ձեզ բոլորիդ մի լավ խորհուրդ եմ տալիս. ձեր կանոնակարգով ուրիշի տաճար մի մտեք: Սա խորհրդարան է, այստեղ պետք է հնչի միայն խորհրդարանական բառապաշար: Իսկ եթե պատգամավորը խախտում է կանոակարգ-օրենքը և չի ենթարկվում նիստ վարողին, ապա վերջինս կարող է անջատել պատգամավորի խոսափողը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքի 6-րդ հոդվածը, ըստ որի` պատգամավորը պարտավոր է հարգել իր քաղաքական ընդդիմախոսներին և թույլ չտալ վիրավորական արտահայտություններ: Այնուհետև Շարմազանովն ընթերցեց կանոնակարգի 45-րդ հոդվածը, որով սահմանվում է, որ կարգազանց են համարվում այն պատգամավորները, ովքեր վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս և չեն ենթարկվում նիստը վարողին. այդ դեպքում վերջինս իրավունք ունի դիտողություն անել պատգամավորին, իսկ այնուհետև, եթե պատգամավորը չի ենթարկվում, կարող է անջատել նրա խոսափողը: «Կարդացեք կանոնակարգի այս հոդվածները և կհամոզվեք, որ ես ոչ մեկի ազատ խոսքի իրավունքը չեմ խախտել՝ ինչպես դուք եք ասում: Իսկ եթե ձեր պատկերացրած ազատ խոսքը մարդկանց վիրավորելն է, ապա ես ցավում եմ ձեզ համար և պետք է հիշեցնեմ, որ ազատ խոսքն անարխիայից տարբերվում է»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա ընդգծեց, որ եթե ոմանց համար մարդկանց հանցագործ անվանելը և շինծու այլ պիտակներ կպցնելը վիրավորական չէ, դա չի նշանակում, որ նման երևույթները վիրավորական չեն բոլորի համար: «Ես ընդունում եմ, որ ոմանց համար նման երևույթները կարող են վիրավորական չլինել. մարդ կա` թքում ես երեսին՝ ասում է` անձրև է գալիս: Սակայն սա չէ ճիշտ ճանապարհը: Տարբերեք վիրավորանքը կիրթ խոսքից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը դեռ չէր ավարտել ելույթը, երբ տեղից սկսեց արձագանքել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Էդուարդ Շարմազանովը մի քանի անգամ պատգամավորին խնդրեց թույլ տալ ավարտել ելույթը, սակայն,  տեսնելով, որ անօգուտ է` եզրափակեց ելույթը՝  ավելացնելով. «Գայլի գլխին ավետարան ես կարդում, ասում է` ոչխարները փախան»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am