Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոմիտասի սիրելի Հառիճավանքում կրկին կոմիտասյան շունչն ու մեղեդիներն էին թեւածում

Կոմիտասի սիրելի Հառիճավանքում կրկին կոմիտասյան շունչն ու մեղեդիներն էին 
թեւածում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարին հոբելյանական  է ու շատ միջոցառումներ տարվա ընթացքում ձոնվում ու նվիրվում են հայ մեծ երգահանին,  երգչին ու  վարդապետին:  Հառիճավանքը Կոմիտաս վարդապետի սիրած վայրերից մեկն է եղել, որտեղ 1904 թվականին տենդով հիվանդ Կոմիտասը ապաքինվել է ու հանգստացել, սակայն միայն  ապաքինվելը չդարձավ մեծ վարդապետի Հառիճում մնալու նպատակը՝ վերջինս այստեղ գրի է առնում 34 նոր երգ, զտում հները: Որոշ տեղեկությունների համաձայն՝  առաջին  մեծ երգչախումբը Կոմիտասը ևս ձևավորում է Հառիճում:

Հոկտեմբերի 19-ին Հառիճավանքի տարածքում անցկացվեց հոգևոր երգերի մարզային փառատոն: ՀՀ-ում իր բնույթով եզակի հոգևոր երգերի մարզային փառատոնն անցկացվեց հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և նվիրված Կոմիտաս վարդապետի  ծննդյան 145-ամյակին: Փառատոնի շրջանակում հոգևոր երգի կատարումներով մասնակցեցին Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Ազատան, Ամասիայի համայնքների երաժշտական, արվեստի և հանրակրթական դպրոցների մանկական երգչախմբերը: Փառատոնում հոգևոր երգի յուրահատուկ կատարումներով առանձնացավ նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու  Արթիկի թեմի «Սաղմոս» երգչախումբը՝ խմբավար Գևորգ սարկավագ Քեշիշյանի ղեկավարությամբ: Եղան նաև անհատ կատարողներ:

Փառատոնը կազմակերպվել և կյանքի  է կոչվել  ՀՀ Շիրակի մարզպետարանի, «Արվեստը հանուն խաղաղության», «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների և Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արթիկի թեմի նախաձեռնությամբ: Միջոցառման անցկացմանն իր օրհնությունն  էր տվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Փառատոնի կազմակերպմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև  Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի նախաձեռնող  Գոռ Մարգարյանը՝ փառատոնի գլխավոր նպատակն է տարածել հայ հոգևոր երաժշտությունը  հանրապետության ողջ տարածքում՝ տարեցտարի մեծացնելով մասնակիցների թիմը: Ի դեպ, այս անգամ փառատոնի մասնակիցների թիվը 300 էր: «Փառատոնը խնդիր ունի նաև ոգեւորելու հայ պատանուն և երիտասարդին, մղելու ազգային արժեքների գիտակցմանը և հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինելու հայկական հարցի լուծմանը»,-նշեց Գոռ Մարգարյանը: խոսելով փառատոնին ներկայացվելիք երգերի մասին` պատասխանատուն տեղեկացրեց, որ դեռ մայիսից  Կոմիտասի ստեղծագործությունները, որպես պարտադիր կատարման նյութեր, բաժանվել են մարզի բոլոր երգչախմբերին: Սեպտեմբերից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ՀՀ երգչախմբային արվեստի  լավագույն խմբավարներն  այցելել են Շիրակի մարզ և անցկացրել վարպետության դասեր՝ տեղի երգչախմբերի և խմբավարների հետ:

Հոգևոր համերգը մեկնարկեց ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ: Թեմի հոգևոր առաջնորդն իր խոսքում նաև շնորհակալություն  հայտնեց այն  լավ նախաձեռնության համար, որ իրականացվում  է պատմական Հառիճավանքում: «Շնորհակալություն  եմ հայտնում  բոլոր նախաձեռնողներին, որ գալիս եք այս սուրբ վայրը՝ ձեր երգով ջերմություն բերելով ու կենդանացնելով այս սուրբ հինավուրց տաճարը: Թող այս գեղեցիկ նախաձեռնությունները միշտ ուղեկից լինեն  մեր բոլորի կյանքում»,-իր խոսքում նշեց Հովակիմ սրբազանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am