Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կրծքի քաղցկեղի վաղ հայտնաբերումը Հայաստանում թևակոխում է նոր փուլ

Կրծքի քաղցկեղի վաղ հայտնաբերումը Հայաստանում թևակոխում է նոր փուլ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրծքի քաղցկեղից մահացությունը կազմում է մահվան ընդհանուր պատճառների 1.65 տոկոսը, իսկ բարձիթողության դեպքերը 2013 թվականին կազմել են 30,7 տոկոս: Այս հիվանդության վաղ հայտնաբերումը խթանելու և մահացության դեպքերը կանխելու նպատակով էլ Հայ-բրիտանական գործարար պալատի նախաձեռնությամբ Արագածոտնի և Գեղարքունիքի 23 բժշկական ամբուլատորիաների բժիշկների մասնակցությամբ Արագածոտնի Կոշ գյուղի «Արմենակ և Աննա Թադևոսյանների» բժշկական կենտրոնում կազմակերպվեց միջոցառում` նվիրված կանանց առողջության պահպանման գործում կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման դերին: Բժիշկների ուշադրությունը բևեռվեց սկրինինգների կարևորությանը և վերարտադրողական քաղցկեղներից մահացության նվազեցման գործում դրա ունեցած նշանակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպմանը բաժանվեցին կրծքի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար նախատեսված բրիտանական նորարարական «Breastlight» սարքավորումներ: «Breastlight»-ը ներառվելով որպես կրծքագեղձի կլինինիկական զննմանն օգնող մաս` կնպաստի կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգների ավելացմանը և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը: Մտադրություն կա հետագայում սարքը բաժանել նաև հանրապետության հեռավոր շրջանների բժշկական ամբուլատորիաներին:

Ինչպես նշեց ՀՀ առողջապայության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ոչ ինֆեկցիոն հիվանդություններն այսօր շատ ծանր բեռ են դարձել, և Հայաստանը հստակ ռազմավարություն ունի դրանց դեմ պայքարելու համար: «Այս ճանապարհին առաջին քայլը հիվանդության ժամանակին հայտնաբերումը և ախտորոշումն է: Կանխատեսվում է, որ մեկ տարի հետո հիվանդացության աճ ենք գրանցելու, որը կապված է հենց հիվանդությունների հայտնաբերման խնդիրների հետ: Այդ իսկ նպատակով Առողջապահության նախարարությունը լայնածավալ սկրինինգային ծրագիր է սկսել, որի նպատակն է խթանել հիվանդությունների վաղ հայտնաբերումը»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Ողջունելով ներկաներին` Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լինչն իր հերթին կարևորեց կանանց մեջ այն գիտակցության սերմանումը, որ շատ բան հենց իրենցից է կախված: «Այս միջոցառման նպատակն է Հայաստանի շրջաններում տարածել Հայ-բրիտանական գործարար պալատի հավաքած գումարների շնորհիվ ձեռք բերված բրիտանական սարքավորումը, որն ուղղված է վաղ փուլում կրծքի քաղցկեղի հայտնաբերմանը: Խիստ կարևոր է կանանց հասցնել այն ուղերձը, որ շատ բան իրենցից է կախված: Ցանկանում եմ նշել, որ այս սարքավորումը չի փոխարինում մամոգրաֆիան, սակայն թույլ է տալիս բժիշկներին ստուգումներ իրականացնել` տեսնելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում և անհրաժեշտության դեպքում ժամանակին քայլեր ձեռնարկել հիվանդությունն ախտորոշելու և կանխելու համար»,- ասաց դեսպանը:

«Breastlight» բրիտանական սարքը հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը, երբ նորագոյացությունը դեռ շատ փոքր չափերի է: Սարքը վառ կարմիր լույս է արձակում, որը թափանցում է կրծքի հյուսվածքներ` թույլ տալով կուրծքն ուսումնասիրել ներսից: Լույսն, անցնելով կրծքի հյուսվածքների միջով, ցույց է տալիս արյան հոսքի մթագնած մասերը: Առողջ լինելու դեպքում անոթային ցանցը հստակ երևում է, սակայն եթե մութ կուտակումներ են երևում, ապա սա ազդանշան է, որ հետագա հետազոտությունների անհրաժեշտություն կա: «Սարքի նպատակն է հայտնաբերել հենց այդ մթագնած հատվածները և ուղղորդել հետազոտությունը»,- պարզաբանեց «Լոնդոն մեդիքլ» կենտրոնի բժշկական ներկայացուցիչ Գայանե Գալստյանը, ով արդեն երեք ամիս աշխատում է այդ սարքով:

Նրա խոսքով` թեև սարքը նախատեսված է նաև տնային պայմաններում օգտագործելու համար, Հայաստանում կնոջ իրազեկվածության աստիճանը չի բավարարում, որպեսզի խրախուսվի այն տանն ինքնուրույն օգտագործելը:

 Հայաստանում կրծքի քաղցկեղի տարածվածության և մահացության ցուցանիշներն աճում են: Այս հիվանդությունից մահացության ցուցանիշով մեր երկիրը չորրորդ տեղում է աշխարհում: Ապացուցված է, որ առաջին փուլում հայտնաբերման դեպքում հիվանդների 70-80 տոկոսի կյանքի տևողությունը ևս հինգ և ավելի տարի երկարում է: Թիվը նվազում է մինչև 40-50 տոկոսի, երբ քաղցկեղը հայտնաբերվում է երկրորդ փուլում և 10-12 տոկոսի, եթե հայտնաբերվել է երրորդում:
Քաղցկեղի ամերիկյան կոմիտեն մշակել է ուղեցույց, որի համաձայն` կինը 20 տարեկանից սկսած կարող է սկսել ինքնազննումը, 20-40 տարեկանում խորհուրդ է տրվում երեք տարին մեկ անգամ անցնել կլինիկական զննում, իսկ 40-ն անց տարիքում` տարին մեկ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am