Երևանյան բեսթսելեր 2/34. Վարուժան Ոսկանյանի գիրքը վերադարձել է վարկանիշային աղյուսակ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակ: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» հայտնի վիպակը երրորդ հորիզոնականում է: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:
Չորրորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպը: Գերմանացի մեծանուն գրողի այս ստեղծագործությունը նրա ամենաճանաչված գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Հինգերորդ հորիզոնականում է նախկինում Ռումինիայի էկոնոմիկայի նախարար, գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը վերահրատարակվել է հայերեն: Գիրքն այս տարի ևս առաջադրվել է Նոբելյան մրցանակի:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը վեցերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության. Տաղեր» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
«Նաիրի» հրատարակչության լույս ընծայած` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքն այս շաբաթ ութերորդ տեղում է:
Արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն իններորդն է: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում: Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են գեղարվեստական մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:
Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից: Առաջին անգամ շարունակաբար հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
1 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 22 | |
2 | -1 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 18 | |
3 | +1 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 14 | |
4 | * |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 14 | |
5 | * |
Վարուժան Ոսկանյան «Շշուկների մատյան» |
Անտարես | 10 | |
6 | +4 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 10 | |
7 | -1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության. Տաղեր» |
Զանգակ | 8 | |
8 | -1 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նաիրի | 8 | |
9 | * |
Զոյա Փիրզադ «Ինչպես բոլոր երեկոները» |
Էդիթ Պրինտ |
7 | |
10 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ |
7 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում