Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Փարիզը չորս ամիս աշխարհին կներկայացնի բացառիկ ցուցանմուշներ Հայոց ցեղասպանության մասին

Փարիզը չորս ամիս աշխարհին կներկայացնի բացառիկ ցուցանմուշներ Հայոց 
ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին մեծ ցուցադրության, որը չորս ամիս շարունակ Եվրոպայի սրտում կպատմի 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի մասին: Ցուցադրությունը նախապատրաստելու նպատակով Երեւանում էր Փարիզի քաղաքապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Ժան Իվ Քամյուն, ում հետ զրուցել է «Արմենպրես»-ի թղթակիցը:

-Ո՞րն է այս տարի Հայաստան այցելության Ձեր հիմնական նպատակը: 

-Նախորդ երկու տարիների պես այս անգամ ևս Հայաստան եմ եկել Երևանի քաղաքապետարանի հրավերով, մասնակցելու Էրեբունի-Երևան տոնին, ինչպես նաև մասնակցելու հաջորդ տարի Փարիզում կայանալիք մեծ ցուցադրության նախապատրաստման աշխատանքին: 2015 թ. ապրիլից հուլիս Փարիզում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված հսկայական ցուցադրություն, որը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: Ցուցադրությունը նախատեսված է ոչ միայն հայ համայնքի համար, այլ նաև ֆրանսիական հանրության համար՝ ցուցադրելով ոչ միայն 1915 թ. տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև դրան նախորդող 1895 թ. դեպքերը:

-Որքանո՞վ է շարքային ֆրանսիացին տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: 

-Դպրոցական ծրագրերում պարտադիր ընդգրկված է Հայոց ցեղասպանության հիմունքների դասավանդումը՝ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր դպրոցներում: Ցուցադրության կազմակերպման պատճառներից է նաև այստեղ բնակվող հայկական մեծ համայնքը, որը տեղափոխվեց Փարիզ ցեղասպանությունից հետո: Այդ մարդիկ մեծ ծառայություն մատուցեցին` ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմում պայքարելով ֆրանսիացի զինվորների հետ, այնպես էլ Առաջին աշխարհամարտի ժամանակ, ինչի մասին ֆրանսիացիները պետք է իմանան:

-Որքա՞ն ակտիվ եք համագործակցում Փարիզի հայ համայնքի հետ: 

-Փարիզի հայ համայնքը բավականին ակտիվ է, համարյա բոլոր կազմակերպությունների գլխամասային գրասենյակները, որոնք գործում են Մարսելում, Լիոնում և այլ քաղաքներում, գտնվում են Փարիզում: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) հետ եւս ակտիվ գործակցում ենք: Ամեն տարի ապրիլի 24-ին նրանց հետ համատեղ քաղաքապետարանում մենք իրականացնում ենք Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներ:

-Համագործակցելով հայկական կազմակերպությունների հետ` չեք բախվե՞լ արդյոք թուրքական լոբբիին: 

-Իհարկե թուրքական լոբբինգն առկա է, սակայն 2001 թ. Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և այն անհնար է հերքել: Ինչպես նաև բազում անգամ Փարիզի քաղաքապետը նշել է, որ աջակցում է լինելու Հայոց ցեզասպանության հերքումը քրեորեն պատժելի դարձնելու գործին: Այդ օրենքը 2012 թ. ընդունվել էր Ֆրանսիայի պառլամենտի կողմից, սակայն մերժվել էր Սահմանադրական խորհրդի կողմից: Ցանկանում եմ ընդծել, որ ֆրանսիական երկու քաղաքական ուժերը միաձայն նշում են այս օրենքի նոր տարբերակի ստեղծման կարևորության մասին, որն արդեն չի մերժվի Սահմանադրական դատարանի կողմից:

Զրուցեց Անահիտ Մինասյանը

Հ.Գ. Հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքային խորհրդում միաձայն ընդունվելէ 2015 թվականին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ անցկացնելու մասին Փարիզի քաղաքապետարանի ուղերձը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am