Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հարկային մարմինները ՓՄՁ-ներին չեն անհանգստացնելու. ՀՀ վարչապետ

Հարկային մարմինները ՓՄՁ-ներին չեն անհանգստացնելու. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է առևտրականներին, ովքեր վարչապետին են ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Այդ մասին Ելփին համայնքում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց վարչապետը: «Կան մի քանի հարցեր, որոնց կառավարությունը կանդրադառնա: Կփորձենք վերլուծել բոլոր մտահոգությունները, քննարկել առաջակությունները և հարցերին տալ լուծում: Օբյեկտիվ, ողջամիտ առաջարկությունները մեզ համար ընդունելի են: Այժմ կառավարությունը Ազգային ժողովի խմբակցությունների հետ քննարկում է և կփորձենք ընդհանուր հայտարարի գալ»,- անդրադառնալով Շրջանառության հարկի մասին հարցին՝ նշեց վարչապետը:  

Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը մեր երկրում կայանա: «Դա մեզ համար կարևոր, հրատապ հարց է: Մտածել ենք մի քանի ճանապարհներ, նախագծեր, որոնցով պետք է աջակցենք ՓՄՁ-ներին: Մեր խնդիրն է խոշորին բերել հարկային դաշտ: Պետք է օրենսդրորեն ամրագրենք ՓՄՁ-ների ապահովությունը, որպեսզի հարկային մարմինները որևէ խոչընդոտ չհարուցեն նրանց համար: Դա ինձ համար կարևոր, գերակա խնդիր է, և ես հետամուտ եմ լինելու: Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ նրանք անհոգ լինեն, որ հարկային մարմինները նրանց չեն անհանգստացնելու: Մեր խնդիրն այլ դաշտում է, և մենք փորձում ենք եկամուտները ստվերից բերել հարկային դաշտ»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:      

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում ունեցած իր ելույթին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ օրենսդիր և գործադիր մարմիններն ունեն սահմանադրորեն ամրագրված պարտավորություն՝ մտածել մեր երկրի և ժողովրդի մասին, ոչ թե անձնական շահերի: «Համոզված եմ, որ եթե միասին աշխատենք՝ կհասնենք մեծ հաջողությունների»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am