Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ գոյություն ունի միայն Հայաստան». Հակոբ Ինջիղուլյան

«Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ  գոյություն ունի միայն 
Հայաստան». Հակոբ Ինջիղուլյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակոբ Ինջիղուլյանը պատրաստվում է շարունակել ծառայությունը, քանի որ Հայաստանից բացի նրա համար որևէ երկիր գոյություն չունի, իսկ երրորդ երկրից հայրենիք վերադառնալու որոշումն ինքնուրույն է կայացրել: Այս հանգամանքը շեշտեց ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Ինջիղուլյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցում: Նա նշեց, որ հայրենիք վերադառնալու ցանկությունն իրենն է եղել. «Դա իմ ցանկությունն է եղել: Ես վերադառնալու ցանկություն եմ հայտնել, որում ինձ աջակցել են միջազգային կազմակերպությունները: Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, այլ  գոյություն ունի միայն Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Ինջիղուլյանն ընդգծեց, որ մտադիր է շարունակել ծառայությունը զինված ուժերում, քանի որ ժամկետային զինծառայության ավարտին դեռ ժամանակ կար: «Ես դեռևս 9 ամիս ունեմ ծառայելու և պատրաստվում եմ գնալ ծառայության»,- ասաց Ինջիղուլյանը,  ևս մեկ անգամ  հաստատելով, որ ինքը մոլորվելու հետևանքով էր հայտնվել գերության մեջ:

Ինջիղուլյանն ընդգծեց, որ Ադրբեջանում իր նկատմամբ բռնություններ են կիրառել: Նրան անընդհատ ծեծել են և հայհոյել: «Ասում էին, եթե մեր ասածները չանես, էն չոբանի օրն ես ընկնելու: Սպառնում էին գնդակահարությամբ: Նաև հարցազրույցներն եմ տվել ադրբեջանցիների ճնշումների ներքո: Հարցազրույցից առաջ կանչում- ասում էին, թե ինչ պետք է ասեմ, իսկ եթե չանեմ իրենց ասածները, սպառնում էին սպանել: Նաև Կարմիր խաչի հետ հանդիպումներից առաջ էին կանչում և ցուցումներ տալիս, կարդում էին ընտանիքիս գրած նամակները»,- ասաց նա:

Հայ գերուն Ադրբեջանում ստիպել են երրորդ երկիր գնալ, հակառակ դեպքում սպառնացել են սպանել: «Նրանք ստիպեցին ինձ երրորդ երկիր գնալ: Ասում էին եթե փախչելու փորձ անես կամ Հայաստան գնալու ցանկություն հայտնես, կգնդակահարենք: Դրա համար ես գնացի երրորդ երկիր և հետ եկա Հայաստան»,- ասաց նա:

Ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը այսօր առավոտյան վերադարձավ հայրենիք: Զվարթնոց օդանավակայանից, Հակոբ Ինջիղուլյանին դիմավորում են հարազատները և մարդկանց հոծ բազմություն:

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը` հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am