Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայ ֆեստ»-ը մեկնարկեց «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ

«Հայ ֆեստ»-ը մեկնարկեց «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ֆեստ» 12-րդ միջազգային թատերական փառատոնի բացումն ազդարարվեց աշխարհահռչակ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ: «Փառատոնային իրարանցում» խորագրի ներքո անցկացվող տոնն այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 1-ին Կ.Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող միջոցառումն այս տարի կտևի մինչ հոկտեմբերի 8-ը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ «Հայ ֆեստ»-ը սպասված և սիրված իրադարձություն է:

«Դեռևս չգիտեմ, թե ինչ կտեսնենք այս տարի, բայց վստահ ենք, որ ինչ-որ հետաքրքիր բան անպայման կտեսնենք: «Հայ ֆեստ»-ն իսկապես շատ սպասված միջոցառում է: Երբ մենք թվարկում ենք տարվա կարևորագույն իրադարձությունները, նկատում ենք, որ «Հայ ֆեստ»-ն այդ շարքում զբաղեցնում է իր ուրույն տեղը, և, անշուշտ, այն մթնոլորտը, որ նա իր շուրջն է ստեղծում, տոնական է, բոլորն ունեն բարձր տրամադրություն»,-նշեց Հասմիկ Պողոսյանը: «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն ընդգծեց, որ «Հայ ֆեստ» -ն արդեն 12 տարվա կյանք ունի:

«Տասներկու տարի մենք կազմակերպում ենք այս փառատոնը: Մենք այստեղ ենք հրավիրում ենք տարբեր արվեստագետների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Ղուկասյանը: Հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնը հիմնադրվել է 2003 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել վիզուալ և բազմաժանր թատերական ներկայացումներ, կենդանի ցուցահանդեսներ և նմանատի այլ ծրագրեր: Ներկայացման մեջ հանդիսատեսը կարող է ուսումնասիրել երկրաբանություն կամ պարզապես հաճույք ստանալ դրանից. նրանց կարող են հիացնել տեղագրական փոխակերպումները և մակերևույթի վերացական մարմինների շարժումները:

«Հայ ֆեստ»-ին այս տարի կհյուրընկալվի 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: Երևանյան 10 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Կրճատվել է փառատոնին հատկացվող օգնությունը, սակայն որակը դրանից չի տուժի: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Մոդեռն» թատրոնի (Ռուսաստան) «Մահացած պարեր», «Դոկ» թատրոնի (Ռուսաստան) «150 պատճառ հայրենիքդ ատելու համար», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «Ֆրեյս Բոզեն» թատրոնի (Իտալիա) «Տեսարան`արգոնավտների հետ»: Երևանյան թատրոններից «Հայ ֆեստ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային, «Համազգային», «Փոքր» և «Միհր» թատրոնները: «Հայ ֆեստ»-ը նաև ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնել իրենց աշխատանքները «Արմֆեստ» ուսանողական ծրագրում: Ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայ ֆեստ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am