Դեսպան Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի գյուղատնտեսության և հողաբարելավման նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը սեպտեմբերի 30-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի գյուղատնտեսության և հողաբարելավման նախարար Ադել ալ-Բելթագիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խթանման հնարավորությունները: Որպես առավել խոստումնալից ուղղություններ` առանձնացվել են տարատեսակ գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի փոխադարձ արտահանման և համատեղ ձեռնարկությունների խրախուսումը, գիտահետազոտական հաստատությունների միջև կապերի հաստատումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը:
Դիտարկվել է 2015-2017թթ. համար գիտատեխնիկական համագործակցության շուրջ գործնական ծրագրի ստորագրման նպատակահարմարությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում