Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Լյուբլյանայում մասնակցել է «Քաղաքների ապագան» համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչի հրավերով սեպտեմբերի 25-27-ը «Քաղաքների ապագան» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով Լյուբլյանա էր մեկնել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Լյուբլյանայի քաղաքապետի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Լյուբլյանայի համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել է երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի նախագիծը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հարություն Հակոբյանը Լյուբլյանայի քաղաքապետ Զորան Յանկովիչին է փոխանցել Երևան այցելելու պաշտոնական հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Լյուբլյանայի քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան՝ երկու մայրաքաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով։ Զորան Յանկովիչը նաև նշել է, որ հոկտեմբերի 5-ին կայանալիք Լյուբլյանայի քաղաքապետի ընտրությունների արդյունքներով վերընտրվելու դեպքում կմասնակցի նաև «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում