Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան ձգտում է Սիրիայում ռազմական ներգրավվածություն ապահովել. թուրքագետ

Թուրքիան ձգտում է Սիրիայում ռազմական ներգրավվածություն ապահովել. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իր պայքարը համադրելու է Սիրիայում իր ներկայությունն ապահովելու հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, որ չի բացառում զորքեր մտցնել Սիրիայի տարածք «Իսլամական պետության» դեմ միջազգային պայքարի շրջանակում:

Թուրքագետի խոսքով, երբ Իրաքում ակտուալ դարձավ «Իսլամական պետություն» խմբավորման խնդիրը և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հակաահաբեկչական գործողությունների իրականացումն ու միջազգային կոալիցիայի ստեղծումը դարձավ օրակարգային, Թուրքիան սկզբում հրաժարվում էր իր ջանքերը գործադրել այդ հարցում: Սակայն հետագայում եղավ դիրքորոշման փոփոխություն, որը թուրքագետը կապում է Թուրքիայի` Սիրիայում ռազմական ներգրավվածության ցանկության հետ: 

«Թուրքիան ցանկանում է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունները, որոնք նախատեսված են առավելապես Իրաքում, փոխադրել նաև Սիրիայի տարածք, դա համադրել նաև լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետ` ընդդեմ կառավարական ուժերի: Թուրքիայի նախապայմանները միջազգային կոալիցիայիում ներգրավվելու Արևմուտքի, հատկապես, ԱՄՆ-ի հետ բանակցություններում, այն էր, որ այդ ուժերը ներգրավվածություն ունենան Սիրիայում: Պատահական չէ, որ Թուրքիան տարիներ շարունակ ուներ Սիրիայում բուֆերային անվտանգության գոտի ստեղծելու գաղափար, որը հատկապես Միացյալ Նահանգների կողմից չէր ընդունվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լևոն Հովսեփյանը:

Թուրքագետի բնորոշմամբ` Թուրքիան կփորձի «փուշը փշով հանելու» քաղաքականություն իրականացնել Սիրիայում` լուծելով իր ներքին քաոսային խնդիրները: «Այս ներքին քաոսային իրավիճակում Թուրիքային բավականին ձեռնտու է ներքին մարտահրավերները լուծել «փուշը փշով հանելու» ռազմավարությամբ. ԻԼԻՊ-ի ձեռքով թուլացնել քրդերին և հումանիտար օգնության պատրվակներով ստեղծել անվտանգության գոտիներ, և որ այդ պարագայում միջազգային կոալիցիոն ուժերը պայքարեն ոչ միայն «Իսլամական պետության», այլև Ասադի ուժերի դեմ»,-հավելեց Լևոն Հովսեփյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ թուրքական բանակը կարող է համագործակցել անվտանգության գոտու ստեղծման հարցում, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից պաշտպանվող փախստականների վերաբերյալ  միջազգային համաձայնության շրջանակում: «Այն տրամաբանությունը, համապատասխան որի` Թուրքիան ռազմական որևէ դիրք չի գրավում, ճիշտ չէ: Պարտավորությունները պետք է իրենց վրա վերցնեն տարբեր պետություններ, և Թուրքիան կիրականացնի այն դերը, որն իր վրա կդրվի: Օդից հարվածները քիչ են, ավիացիային պետք է միանան նաև ցամաքային ուժեր, քանի որ առանց դրանց հնարավոր չէ անընդհատ կարգուկանոն հաստատել»,-ասել է Թուրքիայի նախագահը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am