Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Կլաուդիո Պոցանին և Վիկտորյա Չեմբարցևան արժանացել են «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի

Կլաուդիո Պոցանին և Վիկտորյա Չեմբարցևան արժանացել են «Գրիգոր Նարեկացի» 
հուշամեդալի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով է պարգևատրել «Գրական տապան» միջազգային փառատոնի մասնակից երկու գրողների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները, պարգևների են արժանացել Կլաուդիո Պոցանին՝ Իտալիայից, և Վիկտորյա Չեմբարցևան՝ Մոլդովայից՝ մշակութային կապերի ամրապնդման համար:

«Գրական տապան 2014» միջազգային փառատոնն այս տարի մեկնարկեց սեպտեմբերի 19-ին: Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը: Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել էր գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից:  Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:

Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերում, մասնագիտական քննարկումներ ունեցան և վարպետաց դասընթացներ անցկացրին երևանյան բուհերում:

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 27-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հյուրանոցում Յանուշ Լեոն Վիշնևսկին ներկայացրեց իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանությունը: Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին, աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ միացան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ: 

Նախագծի արդյունքում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:

«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am