Տնտեսություն

Սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնողները կազատվեն բոլոր հարկերից

4 րոպեի ընթերցում

Սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնողները կազատվեն բոլոր հարկերից

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է օրենսդրական փաթփեթ, որով ՀՀ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող ընկերությունները կազատվեն բոլոր հարկերից: Սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և ֆինանսների նախարարի հրամանով նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրված հարկային օրենսգրքի մշակմանը զուգահեռ նախաձեռնել նաև հնարավոր միջոցառումներ, որոնք տնտեսական զարգացման ներկա պայմաններում հնարավորություն կընձեռեն էականորեն բարելավել մեր երկրի գործարար միջավայրը` դրանով իսկ նպաստելով մեր երկրում ներդրումների իրականացմանը:

«Այս փաթեթն աշխատանքային խմբի առաջին քայլն է և այս նախագծերի ներկայացմամբ մենք նոր ֆինանսատնտեսական քաղաքականության և նոր հարկաբյուջետային քաղաքականության սկիզբ ենք արձանագրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ փաթեթով առաջարկվում է սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունն ազատել հարկերից: Արտոնությունը կվերաբերի սահմանամերձ այն գյուղական համայնքներին, որոնք ընդգրկված կլինեն կառավարության կողմից հաստատված ցանկում: Արտոնությունները վերաբերվելու են ինչպես շահութահարկին, ավելացված արժեքի հարկին, այնպես էլ եկամտահարկին:

Մասնավորապես, նախատեսվում է, որ սահմանամերձ գյուղական համայնքներում կազմակերպվող արտադրությունն ազատվելու է ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտահարկից՝ եթե կազմակերպիչը հանդիսանում է իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր: Այս արտոնությունը կիրառվելու է անկախ այն համնգամանքից, թե արտադրանքը որտեղ է իրացվելու: Նախատեսվում են արտոնություններ նաև առևտրային գործունեություն իրականացնող անձանց համար, մասնավորապես արտոնագրային հարկման ռեժիմից նրանք ևս կազատվեն:

Միրումյանն ընդգծեց, որ կանխարգելվելու են դեպքերը, երբ բիզնեսն արհեստականորեն՝ հաշվառման եղանակով տեղափոխվի այդ համայնքներ, սակայն իրականում գործունեություն կծավալի այլ վայրում:

Փոխնախարարի համոզմամբ՝ այս նախագիծն էական ազդեցություն է ունենալու այդ տարածաշրջանների զարգացման համար: Կառավարության աջակցությունն այս նախագծի արդյունքում կազմում է 2 մլրդ դրամ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ապագայում այստեղ կարող են գրանցվել բիզնեսներ, որոնք ազատվելու են հարկերից:

«Իրոք, մենք լավ գործ ենք անում: Ես համոզված եմ, որ դա կնպաստի մեր սահմանամերձ համայնքների բնակչությանն աշխատանքով ապահովելուն: Եթե այնտեղ նոր բիզնես ծրագրեր իրականացվեն, կբացվեն նոր աշխատատեղեր: Պետք է խնդրենք Ազգային ժողովին, որ այս փաթեթն արագ ընդունվի»,- իր հերթին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունն այս փաթեթը քննարկել է հանրապետական խմբակցության հետ և առաջարկել, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեն, սակայն ԱԺ նախագահը նշել է, որ ցանկություն չի եղել: Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ համայնքների մասով ևս օրենքի նախագիծ էր ներկայացրել, որը ներկայում քննարկվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ: Վարչապետը հանձնարարեց Փաշինյանի առաջարկները քննարկել և այնտեղ կլինեն ողջամիտ առաջարկներ ու կհամադրվեն կառավարության նախագծին՝ կընդունվեն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում