Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը վրդովել է ԱՄՆ կոնգրեսականներին

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը վրդովել է ԱՄՆ 
կոնգրեսականներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը առաջացրել է ԱՄՆ կոնգրեսականների զայրույթը, ովքեր առանձին հայտարարություններով և սոցիալական մեդիայի միջոցով խստորեն դատարապարտել են այդ վայրագությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  «Ասպարեզ» պարբերականը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնեն սեպտեմբերի 23-ին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ողբերգության հիշատակը հավերժացնող եկեղեցու ավերումը պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին: «Ես խորապես  վշտացած և վրդովված եմ Դեր Զորի` Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված եկեղեցու ավերումով: Այս եկեղեցին կանգնեցվել է ոգեկոչելու և հարգելու դեպի Դեր Զոր աքսորի ժամանակ զոհված հարյուր հազարավոր հայերի հիշատակը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերի հրամանով հայ փախստականները քշվել են դեպի Դեր Զոր` այնտեղ ոչնչացվելու համար: Պատմության այս սարսափելի դրվագը հավերժացնող եկեղեցու ավերումը  պետք է արժանանա միջազգային հանրության խիստ արձագանքին»,- հայտարարել է Փալոնեն:

Նրա խոսքով` Միացյալ Նահանգների կառավարությունը և միջազգային մյուս գործընկերները պետք է միասնաբար աշխատեն պաշտպանել Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնություններին` երաշխավորելով, որ քրիստոնյա հայերը այլևս չեն հայտնվի նման չարաբաստիկ գործողությունների թիրախում:

«Քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, մենք պետք է հիշենք մեր պարտքը` կանխելու նպատակաուղղված գործողությունները աշխարի բոլոր հայերի դեմ և հետագա ցանկացած բռնություն»,-  հավելել է Փալոնեն:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան Թվիթերի իր միկրոբլոգում նշել է. «Խստորեն դատապարտում եմ ԻԼԻՊ-ի կողմից Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը Սիրիայում»:

Կոնգրեսական Ադամ Շիֆն իր հերթին հայտարարել է, որ Դեր Զորի հայկական եկեղեցու ականահարումը Սիրիայում ևս մեկ ապացույցն է Իրաքի և Սիրիայի միլիոնավոր բնակիչներին ահաբեկող զազրելի բարբարոսության: «Մենք պետք է աջակցենք միջազգային կոալիցիային, որ ներկայումս պայքարում է օգնել Սիրիայի և Իրաքի ժողովրդին ձերբազատվել այս «քաղցկեղից»,-  ասել է նա: 

Սեպտեմբերի 21-ին` ժամը 11.30-ին, Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը Թվիթերում խստորեն դատապարտել է նաև կոնգրեսական Սենդի Լևինը: 

Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am