Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանը 2015թ. կդառնա ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային հարթակ. Վիգեն Սարգսյան

Հայաստանը 2015թ.  կդառնա ցեղասպանությունների դեմ պայքարի միջազգային 
հարթակ. Վիգեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015թ.-ն, մեզ համար չպետք է դառնա սգո և ողբի տարի: Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողության ժամանակ իր ելույթում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Մենք դա թույլ չենք տա առաջին հերթին հենց այն պատճառով, որ դա է եղել մեզ կոտորողների երազն ու ցանկությունը՝ մեզ վերածել վտարանդի, քոչվոր, լափող, ողբացող մարդկային զանգվածի՝ զրկելով մեզ ժողովուրդ կոչվելու շնորհից և հայրենի տուն ունենալու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը ընդգծեց, որ նրանք չաչաչար սխալվել են իրենց հաշվարկներում, քանի որ աշխարհով մեկ սփռված հայությունը քոչվոր չդարձավ, մուրացկան չդարձավ, չբարոյազրկվեց, այլ համախմբվեց, ինչպես կարող է համախմբվել իմաստուն ժողովուրդը: «Ի՞նչ իմանային Էնվերն ու Թալեաթը, որ հայկական այգին ավերելով, աշխարհով մեկ են ցրում մի այնպիսի սերունդ, որից պիտի ծնվեին համաշխարհային մեծություններ, մարդիկ, ովքեր ակամայից պիտի դառնային հայոց դեսպաններ` դեսպաններ, որ պետություն չունեցող մի ժողովուրդ էին ներկայացնում, որ աշխարհին ասելու և տալու բան ունեին: Ի՞նչ իմանային նրանք, որ հայության իրենց կտրած ծառը վերաբողբոջելու է՝ ծաղկելով Արամ Խաչատրյաններով, Շառլ Ազնավուրներով, Հովհաննես Բաղրամյաններով, Վիլյամ Սարոյաններով: Եթե իմանային, հաստատ երկու անգամ կմտածեին դա անելուց առաջ»,-  շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով` համազգային ողբերգությունը չի կոտրել հայությանը, այլ կոփել և ուժեղացրել է: «Այն համախմբեց և մեզ բազմազան դարձրեց, այն ամրապնդեց հայկական ընտանիքը, ամրացրեց հայկական աշխարհի ներքին կապերը: Մենք սովորեցինք լինել մեկս մյուսին սատարող: Հայաստանի առաջին Հանրապետությունը, հայրենադարձության երեք խոշոր ալիքներ ընդունած Խորհրդային Հայաստանը և մեր ժողովրդի դարերի երազանք՝ վաղը 23 տարեկան դարձող Հայաստանի անկախ հանրապետությունը դարձան հայապահպանության հզոր կենտրոններ, դարձան հայրենիք, որի շուրջ ամուր կանգնեց և հայացքը դեպի ապագա հառեց տարագիր հայ ժողովուրդը: Դա արհավիրքը վերապրած ու արյան ծովի միջից ապագային մարտահրավեր նետող հինավուրց ժողովրդի ապրելու հաստատուն մտադրության մասին վկայող հայացք էր»,- ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչման ավանդական ծեսերին զուգընթաց հայ ժողովուրդը մեծարելու է նաև մեր ժողովրդին բարձրացնողներին և ճանաչելի դարձնողներին, տոնելու է անցնող հարյուրամյակի ձեռքբերումներն ու հաջողությունները:

Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայերն ունեն առաքելություն: Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայ ժողովրդին՝ իբրև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին պետության զավակների, լավ է հայտնի խաչ կրելու և խաչ բարձրանալու կորուստը: «Մեր տառապանքն ու ողբերգությունը ևս մեր պատմության անբաժանելի մասն են՝ մեզ տրված խաչը: Խաչ կրելը պատահական մեկի գործ չէ. այն տրված է ընտրյալներին: Դա հասկանում են նաև մեզ բնաջնջելու երազանք փայփայողները: Հենց դա է պատճառը, որ փրփուրը բերաններին պատմություններ են մոգոնում չեղած ցեղասպանությունների և ռազմական հանցագործությունների մասին, որոնք իբր եղել են Արցախյան պատերազմի տարիներին: Դրա նպատակը մեկն է՝ փորձել սահմանափակել Ցեղասպանության մասին խոսելու մեր հնարավորությունները: Ակնհայտ է՝ իզուր են անում: Կարճատև ինքնախաբեությունից այն կողմ արդյունքի չեն հասնելու: Ունենալով պետություն և ներկայացված լինելով միջազգային կառույցներում՝ այսօր մենք հպարտությամբ ենք կրում ցեղասպանությունների դեմ պայքարելու մեր խաչը»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային պայքարի առաջամարտիկներից է այլևս: Նա նկատեց, որ մեր պարտքն է անընդհատ հիշեցնել մարդկությանը, որ ճանաչումը, կանխարգելումը, դատապարտումը և պատիժն այդ պայքարի կարևորագույն ու անքակտելի գործոններն են: Նա ընդգծեց, որ հաջորդ տարի Հայաստանը դառնալու է ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարի միջազգային գլխավոր հարթակը: Հայաստանը  հյուրընկալելու է կարևորագույն միջազգային միջոցառումներ, որոնք դառնալու են այդ պայքարի առանցքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am