Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սեպտեմբերի 18-ը Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

Սեպտեմբերի 18-ը Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քսաներորդ դարի աստղագիտության մեջ տեղի է ունենում ահռելի հեղափոխություն, միգուցե, իր կարեւորությամբ համեմատելի` կոպեռնիկոսյան հեղափոխության հետ». այս խոսքերը պատկանում են ականավոր հայ գիտնական, աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանին. այսօր նրա ծննդյան 106-ամյակն է:  

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում: Նրա հայրը` Համազասպ Համբարձումյանը, առաջինն էր հայտնաբերել որդու հետաքրքրությունները թվաբանական հաշվարկների հանդեպ. երբ Վիկտորը 4 տարեկան էր, կարողանում էր հեշտությամբ բազմապատկել երկնիշ թվերը: Թվերի անսահման աշխարհի հանդեպ նրա սերը շուտով նրան տարավ դեպի աստղագիտություն, դեպի անսահման տիեզերքի օբյեկտները: Չնայած հոր ցանկությանը` դառնալ մաթեմատիկոս, այնուամենայնիվ, Սանկտ Պետերբուրգի (այն ժամանակ Լենինգրադի) համալսարանում Վիկտոր Համբարձումյանը մասնագիտացավ աստղագիտության ոլորտում:

1934 թվականին նա իր հարազատ համալսարանում հիմնադրեց Խորհրդային Միությունում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը և դարձավ դրա վարիչը: 31 տարեկանում ընտրվեց Խորհրդային գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: Նույն տարում նա նշանակվեց Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտոր գիտական աշխատանքների գծով:

1943-ին Համբարձումյանի կյանքում նոր փուլ սկսվեց. նա ընտանիքով տեղափոխվեց Երևան և նշանակվեց Հայաստանի գիտությունների նորաստեղծ ակադեմիայի փոխնախագահ: 1946-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը: 1947-ին դարձավ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ և այդ պարտականությունները կատարեց մինչև 1993 թվականը: 1961-ին ընտրվեց Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) նախագահ և վիթխարի ճիգեր էր գործադրում, որպեսզի բարելավեր դրա գործունեությունը: 1964 թ-ին նա ավարտեց ՄԱՄ-ի իր նախագահության 3 տարին, բայց շատ չանցած` 1968 թվականին ընտրվեց Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ: Երկու տարի անց նա նույն պաշտոնում ընտրվեց երկրորդ անգամ, ինչն աննախադեպ էր այդ հեղինակավոր կազմակերպության պատմության մեջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` անվանի հայը 1994-ին արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Վիկտոր Համբարձումյանը վախճանվեց 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ աստղադիտակից ոչ հեռու՝ Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ 

Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի եւ գալակտիկաների տիեզերածնության եւ մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին: Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի: Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի Ազգային Հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգեւների: Ներկայում էլ Վիկտոր Համբարձումյանն այն անձանց թվում է, ում շնորհիվ օտարները ճանաչում են Հայաստանը, ծանոթանում նրա գիտական մտքին: 2009 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ գործում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը, որը երկու տարին մեկ անգամ տրվում է միջազգային ճանաչում ունեցող գիտնականներին աստղագիտության բնագավառում բացառիկ ներդրման համար:

Ստորև ներկայացնում ենք ակադեմիկոս Համբարձումյանի խոսքերը. «Քսաներորդ դարի աստղագիտության մեջ տեղի է ունենում ահռելի հեղափոխություն, միգուցե, իր կարեւորությամբ համեմատելի` կոպեռնիկոսյան հեղափոխության հետ: Դա պայմանավորված է Տիեզերքում որակապես նոր տեսակի գոյացությունների` գալակտիկաների գործուն միջուկների (որոնց մեջ տեղի են ունենում ահռելի պայթյուններ), քվազիաստղային ռադիոաղբյուրների (քվազարների) եւն հայտնաբերմամբ: Պարզվեց, որ այդ տիեզերական մարմիններում ընթացող երեւույթները ամբողջովին անսովոր են, եւ դրանք անհրաժեշտություն առաջացրին արմատապես վերանայել բազմաթիվ աստղաֆիզիկական, տիեզերածնական, տիեզերաբանական պատկերացումներ եւ տեսություններ` կասկածի տակ դնելով նաեւ ներկայումս հայտնի ֆիզիկայի հիմնարար օրենքների համընդհանուր բնույթը: Չի բացառվում, որ Տիեզերքի հետազոտությունը արդեն ոչ հեռու ապագայում կհանգեցնի ֆիզիկական իմացության ամբողջ համակարգի նոր հեղափոխության:

Մենք պետք է հաշվի նստենք նյութական աշխարհի ավելի ու ավելի նոր տիրույթների ուսումնասիրմանը զուգընթաց` ֆիզիկական հիմնարար տեսությունների վերանայման հնարավորության (եւ անհրաժեշտության) հետ: Դա բնավ չի բացառում այն, որ երբեք հնարավոր չի լինի իսպառ օգտագործել արդեն գոյություն ունեցող «հին» տեսությունների հնարավորությունները. դրանց մեջ դեռ կան բազմաթիվ տարբեր «անակնկալներ»: Այդուհանդերձ, ֆիզիկայի եւ աստղագիտության հետագա զարգացումը, այդ տեսանկյունից, պետք է կապված լինի ավելի ու ավելի մեծ ընդհանրականությամբ հիմնարար տեսությունների ձեւակերպումով: Այլ կերպ ասած` աշխարհի միասնականության սկզբունքը հարկ է հասկանալ դիալեկտիկորեն: Դա նյութական աշխարհի անվերջ բազմազանության հետ կապված միասնականություն է : Անբավարար է պատկերացումն այն մասին, թե երեւույթների անվերջ բազմազանությունը, որ աստղաֆիզիկան ուսումնասիրում է ներկայումս կամ կկարողանա ուսումնասիրել ապագայում, հնարավոր պիտի լինի նկարագրել սահմանափակ քանակով ֆիզիկական հիմնարար օրենքների եւ տեսությունների միջոցով: Ավելի արդյունավետ պետք է համարել բնության բազմազանության գաղափարը նաեւ օրենքների մակարդակի վրա»:

Աղբյուրը` http://ambartsumian.ru/ http://tiezerqakumb.wordpress.com/


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am