Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Էստոնիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը. դեսպան

Էստոնիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը. 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Առկա է երկկողմ համագործակցության խորացման մեծ ներուժ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով՝ բիզնես ֆորումների, փոխադարձ այցելությունների միջոցով կկարողանանք զարգացնել երկկողմ հարաբերությունները տնտեսության և այլ բնագավառներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է, որ իր երկիրը նույնպես մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը: Պրիիտ Տուրկի խոսքով՝ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել բիզնես ոլորտի զարգացման գործում, ինչը նոր խթան է առևտրատնտեսական բնագավառում երկկողմ ծրագրերի իրականացման գործում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիության հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկիրը կարևորում է ԵՄ-ի աջակցությամբ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը, ընդգծելով, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների միջոցով:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am