Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 2/29. «Քարակերտ երազներ» վեպը վերադարձել է վարկանիշային աղյուսակ

Երևանյան բեսթսելեր 2/29. «Քարակերտ երազներ» վեպը վերադարձել է վարկանիշային 
աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուրպոռնիկներին» հայտնի վիպակը: «Այն անդիմադրելի ուժը, որը շարժում է աշխարհը, ամենևին երջանիկ սերը չէ, քանի որ սերը դժբախտ է». այս միտքը Մարկեսի վիպակից է, որը դարձել է թևավոր արտահայտություն: Գիրքը 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` գրեթե միշտ հայտնվելով բեսթսելերների շարքում:

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն օրեր առաջ նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». հենց այս փիլիսոփայությունն է արծարծում այս յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: 

Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքը ևս ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը մեր ժամանակների մեծագույն անհատականություններից մեկի՝ Սթիվ Ջոբսի կյանքի ու գործունեության փաստառատ տարեգրությունն է՝ լեցուն ուսանելի մանրամասներով:

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը հինգերորդ հորիզոնականում է: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943-ին և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի երկը: Վերջերս այն հայերեն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:

Արձակագիր և թարգմանիչ Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում և ուրախություններում: Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ: Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության կերտման մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձև ու եղանակ:
Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:

Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» ժողովածուն ևս ընդգրկվել է  վարկանիշային աղյուսակում: Հայ գրականությունում չկա երկու այլ անուն, որ կապված լինեն հոգեւոր և անձնական այնպիսի ամուր կապերով, ինչպես Գուրգեն Մահարին եւ Եղիշե Չարենցը: Այս ժողովածուն, ընդգրկելով 1967թ. լույս տեսած «Չարենց-նամեն», էապես տարբեր է նախկինից:

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը ութերորդ հորիզոնականում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկուկես տարի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գիրքը: Հեղինակն իր նոր գիրքը համարում է մինչև հիմա գրածներից ամենալավը: «Վարձու ինքնասպաններ»-ում մեր ժամանակների պատմություններ են:  Գիրքը մարդկանց մասին է, ովքեր տարիներ են կորցնում` փորձելով կարգավորել կյանքը, ժամանակը վատնում են նյութական արժեքներ դիզելու վրա ու չեն նկատում, որ «ինքնավերանում են»: 

«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի«Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը («Էդիթ Պրինտ» հրատարակչություն): Գիրքը պատմում է 1989 թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Հեղինակը ներկայացնում է ադրբեջանցի երկու ընկերների հոգեվիճակը հայերին դժբախտ ու անօգնական տեսնելու պահին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են նրանք քննադատում ու քարկոծում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մեծ ցանկություն հայտնում` ոտքով գալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենն Ադրբեջանում արժանանալով քարկոծման: «Քարակերտ երազներ»-ի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013թ. փետրվարին Այլիսլին, Ադրբեջանի նախագահի հրամանագրով, զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը: 

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 25
2 0

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 19
3 +1

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 17
4 *

Ուոլթեր Այզեքսոն

«Սթիվ Ջոբս»

Անտարես 14
5 -2

Անտուան դը Սենտ Էքզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 12
6 *

Զոյա Փիրզադ

«Ինչպես բոլոր երեկոները»

Էդիթ Պրինտ 9
7 -1

Գուրգեն Մահարի

«Չարենց-նամե»

Բուկինիստ 8
8 *

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության» 

 Նաիրի 7
9 *

Վահրամ Սահակյան

«Վարձու ինքնասպաններ»

Անտարես 6
10 *

Աքրամ Այլիսլի

«Քարակերտ երազներ»

Էդիթ Պրինտ 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am