Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարար Ասատրյանին հյուրընկալեցին երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

Նախարար Ասատրյանին հյուրընկալեցին երեխաների սոցիալական հոգածության 
կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այցելեց համակարգի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն` շնորհավորելու փոքրիկներին Գիտելիքի օրվա կապակցությամբ: Նախարարը շրջեց հաստատությունում, ծանոթացավ կառույցի գործունեությանը, երեխաների խնամքի, կրթության, կենցաղի կազմակերպման աշխատանքներին, մատուցվող ծառայությունների որակին, շենքային պայմաններին: Արտեմ Ասատրյանն իր հետ կենտրոն էր բերել աշակերտական պայուսակներ և նվերներ:

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Կարևորելով մեր երեխաների զարգացումը, ընտանիքներում նրանց խնամքի կազմակերպումը` այսօր այցելեցինք Աջափնյակ վարչական շրջանի մեր համակարգում գործող  երեխաների սոցիալական հոգածության կենտրոն: Սա այն կենտրոններից է, որ ստեղծել է ՀՀ կառավարությունը՝ որպես այլընտրանք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: Ցերեկային հոգածության կենտրոններն օգնում են ընտանիքներին, երեխաներին, աջակցում նրանց, որպեսզի երեխա-ընտանիք կապը չկտրվի, և երեխան չհայտնվի շուրջօրյա խնամքի հաստատություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով՝ նման կառույցների ստեղծման մոդելն իրեն արդարացրել է: «Երեխան պետք է մնա ընտանիքում: Առաջիկայում նախարարությունը երեխաների պաշտպանության ոլորտում կիրականացնի մի ծրագիր, որի նպատակը հենց երեխայի խնամքի կազմակերպումն է ընտանիքում: Մեր քաղաքականության հիմքում նմանատիպ կառույցների ցանցի տարածումն ու զարգացումն է»,- ընդգծեց նախարարը:

Աջափնյակ վարչական շրջանի Երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը գործում է 2005 թվականից: Այն բազմագործառույթ ծառայություններ է մատուցում կյանքի դժվարին իրավիճակում ՝ առանց ծնողական խնամքի մնացած, ծնողների խնամքից զրկվելու վտանգի տակ գտնվող, աճի և զարգացման համար անբարենպաստ և վտանգավոր կենսապայմաններում գտնվող 6-18 տարեկան 100 երեխայի: Պետական և հասարակական կառույցների համագործակցության արդյունքում լուծվում են նրանց խնդիրները, կանխարգելվում է մուտքը մանկատներ և գիշերօթիկ հաստատություններ: Կենտրոն հաճախող երեխաներին տրամադրվում են մեկանգամյա սնունդ, տրանսպորտից օգտվող երեխաներին՝ տրանսպորտային ծախսերի դրամական փոխհատուցում, գրենական պիտույքներ և հագուստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am