Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոտայքի մարզը նախապատրաստվում է նոր ուսումնական տարվան

Կոտայքի մարզը նախապատրաստվում է նոր ուսումնական տարվան

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև եկող ուսումնական տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերը նախանշելու նպատակով Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մանկավարժների օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Կոտայքի մարզպետն անդրադարձել է 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում տեղ գտած բացթողումներին և նշանակալի ձեռքբերումներին՝ ընդգծելով մարզպետարանի հատուկ ուշադրությունը մարզի կրթօջախների գործունեության նկատմամբ: Մարզային կրթական համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Բարձր գնահատելով Կոտայքի մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցների մանկավարժների աշխատանքը, Ն. Հովհաննիսյանն անդրադարձել է նաև մարզի ավագ դպրոցների ձեռքբերումներին ու այդ դպրոցներում սովորող աշակերտների կրթական հաջողություններին: Հանրակրթության վարչության պետը ներկայացրել է նաև նոր ուսումնական տարում կրթության բնագավառում ներդրվելիք նորամուծություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Համաժողովի օրակարգային հարցերի շրջանակներում Կոտայքի մարզի կրթության բնագավառում 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների և 2014-2015 ուսումնական տարվա ծրագրերի վերաբերյալ կատարված վերլուծության ամփոփ տվյալներն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Կոստանյանը:

Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները` մարզպետն ընդգծել է պետական համապատասխան հոգածության արդյունքում մարզի կրթության բնագավառում իրականացված ծրագրերի հիմնական ուղղությունները, փաստել վերջիններիս կարևորությունը համակարգի զարգացման ու կատարելագործման ասպարեզում: Կոտայքի մարզպետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է դպրոցներում պատշաճ կերպով ազդարարել նոր ուսումնական տարվա մեկնարկը և ողջ տարվա ընթացքում ապահովել համակողմանի գործունեություն:

Մարզի կրթության բնագավառի պատասխանատուներն այս օրերին իրականացնում են նախապատրաստական ընդգրկուն աշխատանքներ և մարզի հանրակրթական դպրոցներին նախապատրաստում են նոր ուսումնական տարվան:

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրը, մարզի բոլոր կրթօջախներում նախատեսվում են տոնական հանդիսություններ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am