Կառավարությունը կաջակցի Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման գործընթացին
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է The Rezidor Hotel Group-ի փոխնախագահ Արիլդ Հովլանդին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Radisson» ցանցի հյուրանոցի հիմնման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է մեծ հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի ներկայացվածությունը մեր երկրում և հայտնել կառավարության աջակցությունը ծրագրի իրականացման գործընթացներում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում «Radisson»-ի առկայությունը և բարձրորակ ծառայությունների մատուցումը կնպաստի զբոսաշրջության ու տեղի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը :
«Radisson» հյուրանոցային ցանցն ընդգրկված է The Rezidor Hotel Group-ի կազմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում