Արցախում նոր ուսումնական տարին կհանդիսանա կրթական բարեփոխումների հերթական շրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի բոլոր հանրակրթական դպրոցները պատրաստ են ընդունելու աշակերտներին, արդեն նույնիսկ մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը` այս մասին կրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:
ԿԳ նախարարը նշել է, որ 2014-2015 ուսումնական տարին Արցախի կրթության ոլորտի համար կնշանավորվի որպես կրթության բարեփոխումների հերթակա շրջան։Այս օրերին՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում, Սլավա Ասրյանը հանդիպումներ է անցկացնում բոլոր շրջանների մանկավարժների հետ` քննարկելով նախորդ ուսումնական տարվա արդյունքները և կանխանշելով առաջիկա ուստարում կրթական համակարգի անելիքները։
Խոսելով կրթության ոլորտի բարեփոխումների մասին` նախարարը նշել է, որ այն տևական գործընթաց է, որի ավարտը պետք չէ սահմանել։ «Մեր հանրապետությունում գործում է կայուն կրթական համակարգ՝ սկսած նախադպրոցական օղակից, մինչև բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություն, և յուրաքանչյուր աստիճանում մեր կողմից իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է նրան, որպեսզի կրթության համակարգն ապրի զարգացման այն աստիճանը, որն անհրաժեշտ է մեր երկրի, ժաղովրդի բարեկեցիկ կյանքի ու հետագա զարգացման համար»,-նշել է ԿԳ նախարարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում