Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սիրիահայ երեխաների համար հանրակրթական հաստատություններում ինտեգրման պայմաններ են ստեղծվում

Սիրիահայ երեխաների համար հանրակրթական հաստատություններում ինտեգրման 
պայմաններ են ստեղծվում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվա մեկնարկին սիրիական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում հաստատված սիրիահայ երեխաների համար հանրակրթական հաստատություններում ինտեգրման պայմաններ են ստեղծվում: Թեեւ հատուկ սիրիահայ երեխաների համար բացված և տևական ժամանակ գործած «Կիլիկյան» դպրոցը փակվել է, սակայն, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի համոզմամբ, պետությունը և նախարարությունը մշտապես մեծ ուշադրությամբ են շրջապատում սիրիահայ աշակերտներին եւ աշխատում են ինտեգրացիոն գործընթացներն ավելի հարթ կազմակերպել:

«700 սիրիահայ աշակերտ ունեինք, և մշտապես լավ վերաբերմունք ենք դրսևորել նրանց նկատմամբ: Դասերից հետո էլ նրանց հետ էինք աշխատում, որպեսզի ավելի հեշտությամբ հայերեն սովորեն, ինչպես նաև կարողանան մյուս առարկաները ևս յուրացնել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ բավականին երեխաներ են սովորում հատկապես Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում, որտեղ հատուկ սիրիահայերի համար բացվել էր «Կիլիկյան» դպրոց:

«Այնուհետև մեր քննարկումները ցույց տվեցին, որ սիրիահայերն այլևս չեն վերադառնալու իրենց երկիր: Հույս ունեինք, որ պատերազմը շուտ կավարտվի, և դրա համար այդ դպրոցը բացեցինք, սակայն հետո հասկացանք, որ նրանք, այնուամենայնիվ, պետք է սովորեն մեր դպրոցներում, ինտեգրվեն մեր հասարակությունում: Ժամանակավոր դպրոցը փակվեց, և երեխաները հիմա հանրակրթական դպրոցներ կհաճախեն»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ արաբերենի երկու ուսուցիչներ աշխատում էին այդ դպրոցում, օգնում էին սիրիահայերին, և կշարունակեն աջակցել նրանց: «Ամեն ինչ արվում է, որ սիրիահայ աշակերտների համար ստեղծվեն լավագույն պայմանները: Հնարավորինս հոգատար վերաբերմունք ենք ցուցաբերվում: Նշեմ, որ սիրիահայ առաջին դասարանի երեխաները նաև արաբերեն սովորելու հնարավորություն կունենան»,-հավելեց Նարինե Հովհաննիսյանը:

Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Լիանա Ղարիբյանը կարծում է, որ եթե սիրիահայ երեխաներն ապրելու են Հայաստանում, ապա ճիշտ է, որ սովորեն հայաստանաբնակ երեխաների հետ:  ««Կիլիկյան» դպրոցն անցյալ տարի է լուծարվել և աշակերտների մի մասը մնացին մեր դպրոցներում, մյուսները կամ տեղափոխվեցինք այլ դպրոցներ, կամ վերադարձան իրենց երկիր: Մոտ 40 սիրիահայ աշակերտ ունենք հիմա, բայց հնարավոր է, որ նրանց թիվն ավելանա հատկապես այն պատճառով , որ այս տարվանից առաջին դասարանցի սիրիահայերիները նաև արաբերեն են սովորելու»,-հավելեց Ղարիբյանը:

«Կիլիկյան» դպրոցը ստեղծվել էր Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում: Այն գործում էր ՀՀ սփյուռքի, ՀՀ ԿԳ նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Կիլիկիա բարեսիրական կազմակերպության աջակցությամբ և նախաձեռնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am