Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով

Հունաստանի խորհրդարանում ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի 
քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանը հետաձգել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հարցը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիունի նախաձեռնությամբ օրինագծի քննարկումը դուրս է եկել խորհրդարանի այս շաբաթվա օրակարգից` պատճառաբանությամբ, որ կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարթելուց հետո միայն հնարավոր կլինի օրինագիծը ներկայացնել խորհրդարանականների դատին:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում տպագրվող «Ազատ օր» պարբերականի գլխավոր խմբագիր Հռիփսիմե Հարությունյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ օրինագիծը կդրվի քննարկման մեկ շաբաթից: Մինչ այդ, այսօր նախատեսված է Հունաստանի վարչապետի ու փոխվարչապետի հանդիպումը, ովքեր պետք է քննարկեն օրինագիծն ու փորձեն հասկանալ տարակարծությունների պատճառը, մեղմեն դրանք ու օրինագծի շտկված տարբերակը ներկայացնեն խորհրդարանի քննարկմանը:

Հռիփսիմե Հարությունյանի փոխանցմամբ, այս հարցում շատ ակտիվ է նաեւ տեղի հայ համայնքը: Դեռեւս օրինագծի ներկայացումից 7 ամիս առաջ համայնքի ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, անցկացրել քննարկումներ: «Բազմաթիվ խորհրդարանականներ դրական վերաբերմունք ունեն եւ կարծում են, որ ինչպես հրեական ցեղասպանության, այնպես էլ հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի: Վերջին պահին արդարադատության նախարարն օրինագծի քննարկումը հետաձգեց` պատճառաբանությամբ, որ խոսքի ազատության եւ սահմանափակման առնչությամբ հնչել են որոշ տարակարծություններ եւ այդ խոչընդոտները հարթելուց հետո միայն օրինագիծը կքննարկվի»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ հայ համայնքը լուրջ աշխատանք է կատարում` հենվելով այն փաստի վրա, որ Հունաստանի խորհրդարանը 1996թ. ճանաչել եւ դատապարտել է 1915թ. Հայոց ցեղասպանությունն ու այն ընդունել հիշատակի օր:

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին Հունաստանի կառավարության նախաձեռնությամբ երկրի երեք մեծ քաղաքներում կազմակերպվում են  հիշատակի ոգեկոչման արարողություններ: Հետեւաբար, այս ամենը հաշվի առնելով, պետք է նաեւ քրեականացվի ցեղասպանության ժխտումը, ինչպես դա արվում է Հոլոքոսթի պարագայում»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը` հավելելով, որ համայնքում լիահույս են, որ արդարությունն ու բարոյականությունը պետք է հաղթանակեն, և  մեկ շաբաթից խորհրդարանականները պետք է ընդունեն օրինագիծը: Հարությունյանի խոսքով, համայնքում ուշադրությամբ հետեւում են բոլոր զարգացումներին եւ անմիջապես արձագանքում:

 Օգոստոսի 22-ին Հունաստանի խորհրդարանի օրակարգ էր բերվել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծը: Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել էր, որ «Այլատյացության դեմ» օրենքում ավելացվել է Պոնտոսի հույների, հայերի եւ Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ, կքրեականացվի նաեւ հունական եւ միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը», -ասել է հույն նախարարը:

Օրինագիծը Հունաստանի խորհրդարանում պետք է քննարկվեր օգոստոսի 26-27-ին տեղի ունենալիք նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am