Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողան-Դավութօղլու տանդեմը նեոօսմանացման գաղափարի գլխավոր ջատագովն է. քաղաքագետ

Էրդողան-Դավութօղլու տանդեմը նեոօսմանացման գաղափարի գլխավոր ջատագովն է. 
քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից հետո տարածաշրջանում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական իրավիճակ։ Լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ «Շատերը գուցե մոռացել են, բայց Էրդողան-Դավութօղլու տանդեմը նեոօսմանացման գաղափարի գլխավոր ջատագովն է։ Այդ գաղափարի գլխավոր նպատակն է Թուրքիայի Հանրապետությունը նորից դարձնել Օսմանյան կայսրության ինչ-որ մի նմանակ։ Սակայն նրանց անցած ճանապարհը՝ բազմաթիվ փորձագետների կարծիքով, ցույց տվեց, որ նեոօսմանացման քաղաքական կուրսը տապալված է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա։

Քաղաքագետը նշեց,որ ամենաբացահայտ միջամտությունները տարածաշրջանային հարցերում 2008-2009թթ. Թուրքիան տապալեց, անհաջողության մատնվեցին նաև Թուրքիայի դերակատարման ուժեղացման փորձերը Սիրիայում և Իրաքում։ «Թուրքիայում իշխող չափավոր պահպանողական (իսլամիստական) «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը՝ ի դեմս Էրդողանի, շատ լավ հասկանում է, որ, եթե իրենք ցանկանում են երկարաձգել իրենց իշխանությունը, ապա պետք է գնան սահմանադրական փոփոխությունների, որի սկիզբը վերջերս կայացած նախագահական ուղիղ ընտրություններն էին։ Էրդողանը ցանկանում է անցում կատարել նախագահական հանրապետության քաղաքական մոդելին և լինել եթե ոչ հավերժ, ապա գոնե առաջիկա 10 տարիներին երկրի անփոխարինելի նախագահը»,- հայտնեց փորձագետը։

Ըստ քաղաքագետի՝ թուրքական ներքաղաքական դաշտը տրոհված է երկու դասի՝ քաղաքական և էթնիկական։ «Հատկապես այս ընտրություններից ավելի ակնհայտ է, որ թուրքական հասարակության մեջ առաջ է եկել բաժանարար գիծ։ Թուրքիայի քաղաքական գործիչներն իրենց բազմաթիվ հայտարարություններում նշում էին, որ թուրքերը և քրդերը եղբայրներ են, սակայն հենց այս պահից սկսած երկիրը, իհարհե, դեռևս քողարկված ձևով, բաժանվելու է ըստ էթնիկական սկզբունքի»,- ասաց Շաքարյանցը։

Փորձագետը նշեց, որ Թուրքիան, տարածաշրջանի վրա իր ազդեցությունը ուժեղացնելու նպատակով, ակտիվ օգտագործում է քրդական գործոնը։ «Վերջերս տեղեկություն էր եկել, որ ընտրություններից հետո՝ հենց հաջորդ օրը, Թուրքիայի հատուկ ծառայությունների պետը՝ Խական Ֆիդանը, շուտափույտ գնում է Էմրալի կղզի (Մարմարե ծովում)՝ հանդիպելու Աբդուլլահ Օջալանի հետ։ Թուրքիայի քաղաքական վերնախավը գերազանց գիտակցում է, որ տարածաշրջանի վրա ներգործելու համար նրանք պետք է ազդեն քրդական գործոնի միջոցով»,- հավելեց քաղաքագետը։

Թուրքիայում օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում՝ համաժողովրդական քվեարկությամբ, Էրդողանն ընտրվել է նախագահ՝ ստանալով ձայների 51,79 տոկոսը, մինչդեռ իր մրցակիցներից Իհսանօղլուն՝ 38,44 տոկոսը, Դեմիրթաշը՝ 9.76 տոկոսը։ Ընտրությունների ավարտից հետո դեռևս գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ Էրդողանին վարչապետի պաշտոնում կփոխարինի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am